
Կառավարությունը 100 մլն դոլար և 100 մլն եվրո վարկ է վերցնում բյուջեի պակասուրդը փակելու համար
Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկում է երկու վարկային համաձայնագրով 100 մլն ԱՄՆ դոլար և 100 մլն եվրո վարկ վերցնելու հարցը:
Առաջինը «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2022թ. նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցն է: Խորհրդարանում համաձայնագրերը ներկայացրեց Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը:
Վարկային համաձայնագրով վարկավորման չափը 100 մլն ԱՄՆ դոլար է: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2022թ. պետական բյուջեով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:
Ծրագրի շրջանակն է՝ հարկաբյուջետային պլանավորում, թափանցիկություն, ռիսկերի կառավարում, ինչպես նաև՝ պետական ծախսերի արդյունավետության բարձրացում, պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումներ, պետական գնումների համակարգի արդիականացում, կանաչ տնտեսության քաղաքականության մշակում, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացում ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնում, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացում և այլն:
Նշենք, որ վարկային համաձայնագիրը Հայաստանի պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ է առաջացնում:
Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2023թ. հունիսի 30-ն է: Վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է՝ վարկի տարեկան տոկոսադրույք՝ SOFR + 0.6% մարժա, պարտավորության վճարի դրույքաչափը կազմում է տարեկան 0.15%: Այն հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ համաձայնագրի ստորագրման ամսաթվին հաջորդող 60-րդ օրվանից սկսված և վճարվում է կիսամյակային պարբերականությամբ՝ տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ։
Մայր գումարը ենթակա է մարման հետևյալ ժամանակացույցով՝ 15.02.2026թ.-ից մինչեւ 15.02.2037թ., յուրաքանչյուր մարման մասնաբաժինը՝ 4.166667%, իսկ 15.08.2037թ-ի վերջին մարումը՝ 4.166659%: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին:
Վարկի մարման ժամկետը 12 տարի է, արտոնյալ ժամկետ՝ 3 տարի:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆինանսների նախարարի տեղակալից հետաքրքրվեց՝ փող չկա՞ բյուջեում, թե այլ պատճառ կա: Ըստ պատգամավորի՝ վերջին ժամանակներում ճիշտ հակառակի մասին են բազմիցս լսել, որ փող կա: Այդ մասին հայտարարել է նաև կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Արթուր Խաչատրյանն ասաց, որ կապիտալ ծախսերը խայտառակ ձեւով թերակատարվել են, եթե այդ գումարները նպատակային ծախսվեին, ապա նոր վարկ վերցնելու կարիք գուցե չլիներ:
Վահե Հովհաննիսյանը նշեց, որ աշխարհում 1-2 պետություն կա, որ բյուջեում դեֆիցիտ չունի: 2022թ.-ին կանխատեսվել է 3% դեֆիցիտ, որի փակման համար բյուջետային աջակցության վարկ են վերցնում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, հակադարձելով Արթուր Խաչատրյանին, նշեց, որ 3 տարի առաջ Լոռու մարզի շրջաններից մեկում 6-7 գյուղ կապող ճանապարհի վերանորոգման համար կառավարությունը մրցույթ է հայտարարել, սակայն 3 տարի է՝ կազմակերպությունը վերանորոգման աշխատանքներ չի կատարում:
«Գնացեք ձեր առաջնորդի ընտանիքի անդամներին ասեք թող ծախսերը կատարեն, այն պարտավորությունները, որ վերցնում են տենդերներ հաղթելով, կատարեն: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի խնամու մասին է խոսքը»,-հայտարարեց Վահագն Ալեքսանյանը:
Խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ երբ կապիտալ ծախսերի թերությունները շտկելու առաջարկ են ուղարկել կառավարություն, Ռոբերտ Քոչարյանի խնամու ընկերության մասին կառավարության պատասխանում ոչինչ չկար: Նշված է եղել, որ նախագծա-նախահաշվային փաստաթղթերը չեն կատարվել: Պատգամավորը նշեց, որ Կառավարությունը գրավոր խոստովանել է, որ կապիտալ ծախսեր չեն կատարել՝ չներկայացնելով նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, բայց դրա դիմաց, հավանաբար, պարգևավճար են ստացել:
Խորհրդարանը քննարկեց նաև «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022թ. նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:
Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ այս նախագիծը կապված է մյուսի հետ և վերաբերում է բարեփոխումների նույն շրջանակին: Վարկի չափը 100 մլն եվրո է:
Վարկի գումարը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով, ընդ որում՝ մասհանումը պետք է լինի առնվազն 50 մլն եվրո կամ եթե հասանելի միջոցները 50 մլն եվրոյից պակաս են, ապա՝ հասանելի գումարը: Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2023թ. նոյեմբերի 17-ն է, առաջին մասհանման վերջնաժամկետը՝ 2023թ.ապրիլի 22-ը:
Յուրաքանչյուր մասհանման համար Հայաստանի կառավարությունը կարող է ընտրել տոկոսադրույքը՝ ֆիքսված կամ լողացող: Ֆիքսված կողմնորոշիչ տոկոսադրույքը Համաձայնագրում սահմանված է 3.87%: Լողացողի դեպքում՝ 6-ամսյա EURIBOR (կամ դրա անհնարինության դեպքում՝ համապատասխան կողմնորոշիչ տոկոսադրույք)՝ ավելացրած 0.95% մարժա:
Վարկի ժամկետը 20 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 5 տարի: Մայր գումարը ենթակա է մարման 30 հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ սկսած 2028թ. մայիսի 15-ից մինչև 2042թ. նոյեմբերի 15-ը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ Սահմանադրական դատարանից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը կասկած է հարուցում, դրանք նման են կեղծիքի, քանի որ նույն օրը, նույն ժամին ընդունված վարկային համաձայնագրերի վերաբերյալ մի դեպքում ստորագրված է ՍԴ-ի 9 դատավորի, մյուսով՝ 8 դատավորի կողմից:
Նշենք, որ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը Սահմանադրական դատարանը որոշում է ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ կառավարությունը պետական պարտք է վերցնում, որ կառավարի արդեն վերցրած պարտքը: Պատասխանելով հարցին՝ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ մնշտ էլ բարելավման անհրաժեշտություն կա:
Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ այս իշխանությունների օրոք պետական պարտքը շատ բարձր տեմպերով է աճում: 2o18թ.-ից մինչեւ հիմա 40%-ից ավելի է աճել պարտքը:
«Չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել՝ օրինակ դարձնելով կատակի, մատների արանքով նայելու առարկա, չի կարելի, որովհետև դա վերաբերում է մեր ապագա սերունդների զարգացմանը: Ինչպես «Covid»-ն էինք ձեռք առնում 2020թ.-ի սկզբին և մարդկանց մոտ ոչ ճիշտ վարքագիծ էինք ձևավորում, հետևանքները շատ լավ հիշում ենք՝ տնտեսական կորուստներով, մարդկային կորուստներով»,-հավելեց Թադևոս Ավետիսյանը:
Վարկային համաձայնագրերն ընդունվեցին՝ Ասիական բանկի վարկը՝ 60 կողմ 26 դեմ ձայնով, ֆրանսիական վարկը՝ 64 կողմ, 27 դեմ ձայնով։
Մեկնաբանել