
Կռունկները թռչում են Ճապոնիա, իսկ լապտերները հոսում են դեպի օվկիանոս
Սադակոն հավատում էր ճապոնական լեգենդին, ըստ որի` եթե թղթից հազար կռունկ ծալես, ապա երազանքդ կիրականանա: Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության ժամանակ (1945 թ.) Սադակոն ընդամենը 2 տարեկան էր: Ռմբակոծության հետեւանքներն ի հայտ եկան 10 տարի անց, երբ 12-ամյա Սադակոն լեյկեմիայով հիվանդացավ:
Նա հիվանդանոցում սկսեց կռունկներ պատրաստել ձեռքի տակ եղած բոլոր թղթերից, նույնիսկ դեղերի տուփերից ու դեղատոմսերից` երազելով առողջանալու մասին, բայց 644-րդ կռունկը պատրաստելուց հետո մահացավ: Ընկերներն ավարտեցին աղջկա սկսածը` կռունկների թիվը հասցնելով 1000-ի, եւ Սադակոյին հուղարկավորեցին այդ կռունկների հետ:
Գեղագիտության ազգային կենտրոնի դեկորատիվ-կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի ձեռարվեստի խմբի երեխաները չգիտեին 12-ամյա Սադակո Սասակիի պատմությունը: Խմբի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը Սադակոյի մասին նրանց պատմեց պատահաբար, երբ 2005 թ.` Երկրորդ համաշխարհային պատերազմի 60-ամյակին, որոշեց երեխաներին հանձնարարել կռունկներ պատրաստել: Երեխաներն այնքան հուզվեցին ու ոգեւորվեցին պատմությունից, որ Հիրոսիմայի խաղաղության թանգարան ուղարկելու համար 1000 կռունկ պատրաստեցին` այն, ինչ Սադակոն չէր հասցրել անել:
«Ու մի ցանկություն էինք պահել, որ Ճապոնիայում այլեւս ոչ ոք չզոհվի ատոմային ռումբի հետեւանքով ռադիացիայի տարածումից: Փաստորեն, պատերազմի դեմ Սադակոն սկսել է պայքարել թղթե կռունկներով: Այս աղջիկը ատոմային պատերազմի դեմ ամենահզոր սիմվոլն է այսօր»,- ասում է ձեռարվեստի խմբի ղեկավար, «Հիկարի» (ճապոներեն նշանակում է լույս) կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը:
Լապտերներ` հանգուցյալների հիշատակը հարգելու համար
Հայերը հանգուցյալների հիշատակը հարգում են` գերեզման գնալով, խունկ ծխելով, մոմ վառելով: Իսկ ճապոնացիները լապտերներ են գնում: Հանգուցյալներին հարգելու ծեսը տեւում է հուլիսի 14-16-ը: Առաջին երեկոյան լապտերը դնում են պատուհանին, որ հոգին գտնի տան ճանապարհը: Հետո լապտերի վրա գրում են հանգուցյալի հետ կապված ինչ-որ հիշողություն կամ այն, ինչ կուզենային ասել այդ մարդուն, վառվող լապտերը դնում են գետի վրա, եւ այն գնում հասնում է օվկիանոս:
«Մի հատ էլ նայում են, թե ինչպես է այն գնում օվկիանոս, ու համարում են, որ այդպես իրենց շփումը կատարվում է: Իրենք ամբողջ հետագա ընթացքում այդ մարդկանց հետ կապը պահպանում են եւ ստուգում` իրենք ինչքանով են ճիշտ ապրել, ճիշտ վերաբերվել, ինչ պակաս բան է մնացել: Ու եթե հանկարծ տարիներ հետո հասկանում են, որ այսինչ հարցում իր հետ սխալ են վարվել, այդ օրը պարտադիր լապտերի վրա գրում են այդ ներողությունը»,- ասում է Կարինե Փիլիպոսյանը:
Նա որոշեց, որ միայն հազար կռունկ պատրաստելը քիչ է, եւ պետք է Ճապոնիա ուղարկել նաեւ լապտերներ: Ձեռարվեստի խմբի երեխաները ճապոներեն չգիտեին եւ չէին կարող սփոփիչ որեւէ բան գրել լապտերների վրա: Այդ պատճառով, քանի որ պատերազմի 60-ամյակն էր, լապտերները նկարազարդեցին պատերազմը դատապարտող պատկերներով: «Հիրոսիմայում ցնծության մեջ էին, եւ մեզ գրեցին, որ «այսպիսի բան ոչ ոք չի արել»:
Ճապոնիան այն միակ երկրներից է, որտեղ հայկական գաղութ չկա, հայկական եկեղեցի չկա, ոչ մի բան չկա: Քարտեզի վրա մեզ չէին գտել: Գրեցին. «Դուք որտե՞ղ եք»: Հետո գտել էին, մեր դրոշը քորոցով ամրացրել էին քարտեզի վրա»,- պատմում է Կ. Փիլիպոսյանը:
Ճապոնացիներն այնքան էին հավանել լապտերները, որ ցանկացել էին ոչ թե ջրի վրա դնել, այլ պահել Հիրոսիմայի խաղաղության թանգարանում: Սակայն հայ երեխաները միանշանակ որոշել էին, որ լապտերները պետք է ջրի վրա իջեցվեն, ինչը եւ արել էին ճապոնացիները:
Նույն օրը` 2005-ի օգոստոսի 6-ին, ձեռարվեստի կենտրոնը նույն միջոցառումն արեց Երեւանում: «Մենք էլ ունենք հազարավոր մարդիկ, որոնք զոհվել են` պատերազմին մասնակցելով: Եվ վերջապես մենք ուզեցինք այդ ակցիայով նաեւ ասել, որ այլեւս ոչ մի երեխա ընդհանրապես չզոհվի, որովհետեւ մեր Արցախում մինչեւ հիմա էլ երեխաներ են պայթում ռումբից»,- ասում է Կարինեն: Հիրոսիմայում եւ Նագասակիում մինչեւ այսօր էլ մարդիկ են մահանում 1945 թ. ԱՄՆ-ի իրականացրած ատոմային ռմբակոծության հետեւանքներից:
2008 թ., տեսնելով, որ «Հիկարի» կենտրոնն էլի ու էլի է լապտերներ եւ կռունկներ ուղարկում, Հիրոսիմայի խաղաղության թանգարանի տնօրենն աշխարհի մյուս պետությունների երեխաներին կոչ արեց միանալ հայ երեխաներին: Այսպիսով, 2008-ից ծրագիրը դարձավ միջազգային:
Հինա տիկնիկը տանում է բոլոր անհաջողությունները
«Ճապոնական մշակույթն առատ է տոներով: Եթե տարվա մեջ միայն այդ տոները նշես, ամբողջ տարին զբաղված կլինես»,- ասում է Կարինե Փիլիպոսյանը: Ճապոնական ամենամեծ տոներից է «Հինա մաթսուրին» (նշանակում է հինա տիկնիկի տոն)` գարնան, դեղձի ծաղկման եւ հինա տիկնիկի եռատոնը: Այս տոնին ճապոնացիները տունը զարդարում են դեղձի ճյուղերով, աղջիկներին` դեղձի ծաղիկներով, նրանց հագցնում կիմոնոներ, հյուրեր ընդունում, երգում տոնի երգը, հատուկ այդ օրվա համար պատրաստված կերակրատեսակներ ուտում:
«Եվ ցուցադրում են իրենց աղջիկների մուտքը հասարակություն, թե ինչպես են դաստիարակել, նրանց վարվեցողությունը, կրթված լինելը, զրույց վարելու ունակությունը: Եվ աղջնակները հիացնում եւ զարմացնում են բոլորին տիկնիկների իրենց հավաքածուով»,- պատմում է Կարինեն:
Ճապոնացիների տներում կան աստիճանավանդակներ, որոնց վրա «Հինա մաթսուրիի» ժամանակ դնում են տիկնիկները, իսկ մեկ օր անց հավաքում: Ճապոնացիները համարում են, որ հինա տիկնիկները հատուկ են: «Այդ տիկնիկը քսում են ամբողջ մարմնին, դնում են ծղոտից փոքրիկ զամբյուղի մեջ, հետո հոսող գետի վրա, որը տանում է: Եվ համարում են, որ անցած տարվա բոլոր անհաջողությունները, տկարությունները տիկնիկը քեզանից վերցնում է իր վրա եւ տանում»,- պատմում է Կ. Փիլիպոսյանը:
Անցյալ տարի «Հիկարի» կենտրոնը Երեւանի կամերային թատրոնում տոնել է «Հինա մաթսուրին»: Տոնին մասնակցելու համար Մոսկվայի իր նստավարից Երեւան է եկել Հայաստանում Ճապոնիայի դեսպանը: Իսկ այս տարի կենտրոնը չնշեց տոնը մարտի 11-ի աղետալի երկրաշարժի պատճառով:
Կուսուդամաները կուտակում են դրական էներգիան
Ճապոնական մշակույթի անբաժան մասն է օրիգամին: Բառը նշանակում է թուղթ ծալել. օրի` ծալել, կամի` թուղթ: «Մարդուն թվում է, թե իր վերջն է, բայց թղթի ծալվածքներից հավաքած հազարումի բաները անսահման հնարավորություններ ունեն»,- ասում է Կարինեն` ցույց տալով «Հիկարի» կենտրոնի աշակերտների պատրաստած թղթե կուսուդամաները: Դրանք համարվում են տիեզերական դրական էներգիաների կուտակիչներ: 8-րդ դարում ճապոնացիները կարծում էին, թե բավական է կուսուդաման կախես հիվանդի գլխավերեւում, եւ նա կառողջանա:
«20-րդ դարում գիտնականները 40 հատանոց կուսուդամայի մեջ դնում են կվարցի կտոր, եւ այն սկսում է լուսարձակել, այսինքն` կուտակում է: Ուզում ես հավատալ, որովհետեւ դա շատ գեղեցիկ միտք է, բայց երբ ապացուցվում է նաեւ գիտությամբ, ուղղակի շվարում ես»,- ասում է Կարինեն:
Նման դիտարկումներ կան նաեւ թղթե կռունկների վերաբերյալ: Կռունկը կարելի է ծալել այնպես, որ թափահարի թեւերը: Բժիշկները համարում են, որ եթե սրտի խնդիրներ ունեցող մարդը հաճույքով է ծալել այդ կռունկը, ապա նրա ինքնազգացողությունը կլավանա այն պահին, երբ կռունկի թեւերի տատանումը համընկնի սրտի բաբախյունի հետ: «Նույնն է, ինչ երաժշտության կամ հոտերի միջոցով թերապիան»,- ասում է Կ. Փիլիպոսյանը:
Նա ինքնուրույն է սովորել կռունկներ ու կուսուդամաներ պատրաստել: Կրթությամբ իրավաբան Կարինեի ձեռքը պատահաբար կուսուդամայի մի սխեմա ընկավ, եւ նա սկսեց, ըստ դրա, ծալել թուղթը: Կուսուդամաներ պատրաստելը բավականին աշխատատար է. 60 մոդուլից կազմված կուսուդամա ծալելը կարող է կեսից մեկ օր տեւել: Եթե որեւէ քայլում սխալվես, կուսուդաման ընդհանրապես չի ստացվի:
Հայ ուսանողները զարմացրել են Արիհիկո Հասեգավային
Քանի որ Ճապոնիային առնչվող գործունեությունն ինքն իրեն ծավալվեց, 2010 թ. Կարինե Փիլիպոսյանը գրանցեց արդեն 5 տարի գործող Հայ-ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնը: «Մշակույթն ինձ հուզում է անսահման, ու ես ամեն աստծու օր գլուխ եմ խոնարհում ճապոնական մշակույթի առաջ` կրելով ներսում իմ հայկական մշակույթը: Երբ ուրիշ մշակույթի հետ լուրջ փոխհարաբերվում ես, նոր քոնը ավելի ես արժեւորում կամ տեսնում ես քոնի ինչ լինելը»,- ասում է Կ. Փիլիպոսյանը:
Իր հերթին ճապոնացի Արհիկո Հասեգավան, ով արդեն 1,5 տարի Հայաստանում է ապրում եւ ճապոներեն է դասավանդում Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, ասում է, որ Հայաստանում հանգստություն է գտել. այստեղ կարելի է հանգստանալ: Հայաստանում Արիհիկոն այցելել է Էջմիածին, Սեւան, Ստեփանակերտ, եղել Գառնիում, Գեղարդում, Սանահինում, Գանձասարում: «Այդ ամենի մեջ իմ ամենասիրած տեղը Հաղպատն է, որտեղ մինչեւ հիմա էլ ժամանակ առ ժամանակ գնում եմ, ընկերներ էլ ունեմ»,- ասում է Արիհիկոն: Նա եղել է 85 երկրում:
11 տարի առաջ սկսեց ճամփորդել, եղավ Վրաստանում եւ որոշեց պարզապես այցելել նաեւ Հայաստան: «Երբ 11 տարի առաջ եկա Հայաստան, հանդիպեցի ուսանողների, ովքեր սովորում էին ճապոներեն: Զարմացա, որովհետեւ այստեղ չկար ոչ դեսպանատուն, ոչ որեւէ այլ բան: Հարցրի` ինչո՞ւ եք սովորում ճապոներեն, նրանք պատասխանեցին. «Որովհետեւ հետաքրքիր է, որովհետեւ սիրում ենք»: Ես երջանիկ էի այդ բառերը լսելու համար, որովհետեւ Հայաստանն ու Ճապոնիան իրարից բավականին հեռու են»,- ասում է Արիհիկո Հասեգավան` հավելելով, որ չէր կարողանում մոռանալ հայ ուսանողների հետ հանդիպումը:
Նա ցանկանում է Երեւանում ճապոնական գրքերի գրադարան բացել, որտեղ կկարողանա նաեւ ճապոնական ֆիլմեր ցուցադրել: Այս նպատակով ճապոնական մի կազմակերպություն գրքեր է ուղարկել Հայաստան: Իսկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախկին նախագահ Ալեքսան Ավետիսյանը տարածք է տրամադրել: Գրադարանը հավանաբար կբացվի այս գարնանը:
«Հիկարի» կենտրոնն օգնելու է երկրաշարժից տուժած ճապոնացիներին
Արիհիկոն ժամանակ առ ժամանակ օգնում է «Հիկարի» կենտրոնի աշխատանքներին, կիթառով նվագակցում կենտրոնի երեխաներին: «Հիկարի» հաճախում են եւ ձեռարվեստի խմբի երեխաները, եւ մեծահասակներ` առանց տարիքային սահմանափակման, ընդհանուր առմամբ` մոտ 70 հոգի: «Հիկարիի» ծրագրերից է նաեւ երեխաների համար ճապոներենի դասեր կազմակերպելը, որոնք կսկսվեն, հենց կենտրոնն իր տարածքն ունենա:
Կարինեն ինքն էլ մեծ հաճույքով ճապոներեն է սովորելու: Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Իգիթյանը տարածք է տրամադրել «Հիկարիին»: Ճապոնիայի դեսպանատունն ուզում է վերանորոգել տարածքը, բայց մարտի երկրաշարժից հետո «Հիկարիի» նախագահը չգիտի, թե որքանով այդ ծրագիրը կիրականանա:
Կ. Փիլիպոսյանը նախատեսում է երեխաների պատրաստած աշխատանքների վաճառք կազմակերպել եւ ստացված հասույթն ուղարկել Ճապոնիա` երկրաշարժից տուժածներին: Կարինեն նշում է, որ 88-ի երկրաշարժից հետո Հայաստանին օգնեց ամբողջ աշխարհը եւ հատկապես այն երկրները, որտեղ կար հայկական սփյուռք:
«Ճապոնիայում հայ չկար, բայց ճապոնական կառավարությունը մինչեւ հիմա սուսուփուս օգնում է Հայաստանում երկրաշարժից տուժած բնակավայրերին: Քանի որ ես հիմա շփվում եմ, գիտեմ, որ տրամադրում են եւ տրակտորներ, եւ մեքենաներ, եւ գյուղտեխնիկա: Ո՞նց կարող ենք մենք մասնակից չլինել հենց թեկուզ դրա համար: Եվ, վերջապես, մենք այնտեղ ընկերներ ունենք»,- ասում է Կ. Փիլիպոսյանը: Նա կարծում է, որ գումարի չափն էական չէ, կարեւորն այն է, որ Հայաստանն ուզում է օգտակար լինել:
Մեկնաբանել