
1,3 մլրդ դրամ՝ 8 մարզերում 25 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 272 մլն 701 հազար դրամ։ Որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 8-ի նիստում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ 8 մարզի 16 բնակավայրերում 25 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի․
- Արագածոտնի մարզում՝ 2 ծրագիր, 72 մլն դրամ,
- Արարատի մարզում՝ 1 ծրագիր, 126 մլն դրամ,
- Արմավիրի մարզում՝ 4 ծրագիր, 66 մլն դրամ,
- Գեղարքունիքի մարզում՝ 3 ծրագիր, 95 մլն դրամ,
- Կոտայքի մարզում՝ 10 ծրագիր, 737 մլն դրամ,
- Շիրակի մարզում՝ 1 ծրագիր, 32 մլն դրամ,
- Սյունիքում՝ 1 ծրագիր, 38 մլն դրամ,
- Վայոց ձորում՝ 3 ծրագիր, 103 մլն դրամ:
Ըստ ՏԿԵ նախարարի՝ Կառավարության մասնաբաժինը այս ծրագրերում 14,5 մլրդ դրամ է։
Համայնքների ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են կապիտալ ներդրումներին` մասնավորապես՝ փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
Մեկնաբանել