
Կառավարությունը կրկին փորձում է մասնավորեցնել Կուրորտաբանության ինստիտուտը
Կառավարությունը «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը կմասնավորեցնի մրցույթով՝ այս անգամ վաճառքի նվազագույն գին սահմանելով գնահատված արժեքի 65 %-ը՝ 3 մլրդ 265 մլն 56 հազ․ դրամ։
Հիշեցնենք, որ ընկերությունն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում։ Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահված է Պետական գույքի կառավարման կոմիտեին: Սակայն, մինչ այժմ Կառավարությանը չի հաջողվել մասնավորեցնել այն։
Գործադիրի հիմնավորման մեջ նշվում է, որ, ըստ կանոնադրության, ընկերության գործունեության հիմնական տեսակը վերականգնողական բուժումն է։ Ընկերությունն ունի 171 աշխատակից:
Ընկերության 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը Կառավարության 2020թ. դեկտեմբերի 3-ի և 2021թ. ապրիլի 15-ի որոշումներով, համապատասխանաբար՝ 4,6 մլրդ և 3,5 մլրդ դրամ արժեքներով ներկայացվել է մասնավորեցման`մրցույթով: Մրցույթները չեն կայացել հայտ չլինելու պատճառով։ Հետագայում կատարվել է ընկերության գույքի նոր գնահատում։
«Հաշվի առնելով, որ ընկերության բաժնետոմսերը 3 մլրդ 497 մլն 947 հազ. դրամ արժեքով չի վաճառվել, իսկ նոր գնահատված արժեքը կազմել է 5 մլրդ 23 մլն 162 հազ. դրամ՝ Կառավարության որոշմամբ՝ բաժնետոմսերի մրցույթով մասնավորեցման վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 75 %-ը։ Մրցույթը չի կայացել հայտ չլինելու պատճառով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Այդ իսկ պատճառով Կառավարությունը որոշել է այս անգամ վաճառքի նվազագույն գին սահմանել գնահատված արժեքի 65 %-ը՝ 3մլրդ 265 մլն 56 հազ. դրամը:
Ըստ նախագծի՝ գնորդը կպարտավորվի պահպանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունը։
Մեկնաբանել