
Աղետի գոտում տնակներից կազատվեն մինչև 2027 թվականը
Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը առավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 34 տարի, սակայն դեռ տնակներում ապրում են ընտանիքներ: Նշեց, որ տարիներ շարունակ իրականացվել է բնակարնաշինական ծրագրեր աղետի գոտում, սակայն, կարծես թե, խնդիրը չի լուծվում: Պատգամավորին հետաքրքրում էր, թե քաղաքացիներն ի վերջո երբ են ազատվելու աղետը հիշեցնող տնակներից:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ հարցն ավելի շատ վերաբերում է քաղաքաշինության կոմիտեին:
Նախարարն ասաց, որ 2008 թվականից սկսած բնակարաններով ապահովման ծրագիրը ավարտվել է կամ ավարտական փուլում է: Այդ խմբում ընդգրկվել է 5419 ընտանիք, և նրանցից միայն 28-ը չի ստացել համապատասխան բնակարանը կամ ֆինանսական միջոցները:
Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ 28 ընտանիքը Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի բնակիչներն են: Կապսի ջրամբարի կառուցման հետ կապված ծրագիր կա, որ գյուղը պետք է տեղափոխել, ինչի շրջանակներում էլ ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը կկարգավորվի:
Ինչ վերաբերում է տնակներում ապրող մարդկանց, Գնել Սանոսյանը նշեց, որ 2018 թվականից մանրակրկիտ ուսումնասիրել են: 2022թ․ հոկտեմբեր ամսին կառավարությունը որոշում է ընդունել, որով 2023-2027թթ. տնակները կհանվեն և ընտանիքներին կտրվեն գումարներ կամ բնակարաններ:
Մի շարք բնակավայրերում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որով լուծվում են քաղաքացիների բնակարանների հարցերը:
Մեկնաբանել