
Պորտուգալիան տպավորիչ հաղթանակով քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի վերջին խաղում Պորտուգալիայի ազգային հավաքականը 6։1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Պորտուգալացիները դաշտի բոլոր գծերում տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեցին և շատ արագ հանեցին հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը։ Խաղի հաշիվը բացվեց 17-րդ րոպեին, աչքի ընկավ Գոնսալո Ռամուշը։ 33-րդ րոպեին անկյունայինի խաղարկման արդյունքում Պեպեն կրկնապատկեց պորտուգալացիների առավելությունը՝ դառնալով աշխարհի առաջնությունների փլեյ-օֆ փուլերում գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը (39 տարեկան)։
51-րդ րոպեին Գոնսալո Ռամուշը հաշիվը դարձրեց խոշոր։ Չբավարարվելով այս արդյունքով՝ պորտուգալացիները շարունակեցին իրենց ընթացքը և 55-րդ րոպեին չորրորդ գնդակն ուղարկեցին շվեյցարացիների դարպասը, աչքի ընկավ Ռաֆայել Գերեյրուն։ 58-րդ րոպեին Շվեյցարիայի հավաքականը Մանուել Ականջիի գոլի շոնրհիվ կարողացավ թրջել հաշիվը, սակայն 67-րդ րոպեին կրկին Գոնսալո Ռամուշը վերականգնեց 4 գնդակի առավելությունը՝ դառնալով այս առաջնության ընթացքում առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին էլ Ռաֆայել Լեաուն հաշիվը դարձրեց 6։1՝ դնելով հանդիպման վերջակետը։
Հարկ է նշել, որ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն չէր ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում, նա փոխարինման դուրս եկավ միայն 73-րդ րոպեին։
Քառորդ եզրափակչում Պորտուգալիայի ազգային ընտրանու մրցակիցը կլինի Մարոկկոյի ընտրանին, որը 1/8-ում 11-մետրանոց հարվածաշարում պայքարից դուրս էր թողել Իսպանիայի հավաքականին։
Քառորդ եզրափակչի մյուս զույգերը հետևյալն են՝ Արգենտինա-Նիդերլանդներ, Ֆրանսիա-Անգլիա, Բրազիլիա-Խորվաթիա։
Հավելենք, որ աշխարհի առաջնությունում կլինի երկօրյա դադար, արդեն դեկտեմբերի 9-ին կկայանան Խորվաթիա-Բրազիլիա և Նիդերլանդներ-Արգենտինա հանդիպումները։
Մեկնաբանել