
Դիմորդները` քննասենյակներում, ծնողները` մոնիտորների առջև. մեկնարկել են պետական ավարտական և միասնական քննությունները
Այսօր մեկնարկեցին պետական ավարտական և միասնական քննությունները «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաներից: Գնահատման և թեստավորման կենտրոնի(ԳԹԿ) մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանի տեղեկացմամբ` ՀՀ-ում և ԼՂՀ-ում «Կենսաբանություն» առարկայից միասնական քննությունների մասնակցության դիմում-հայտ էր ներկայացրել 1938 դիմորդ, «Ընդհանուր պատմությունից»` 397, «Աշխարհագրությունից»` 392:
Դիմորդների թվին համապատասխան` ՀՀ մարզերում ձևավորվել են մեկական քննակենտրոններ, բացառությամբ Սյունիքի մարզի, որտեղ ձևավորվել է երկու քննակենտրոն Գորիս և Կապան քաղաքներում: Երկուական քննակենտրոններ են ձևավորվել նաև Երևանում և ԼՂՀ-ում:
Երևանում ձևավորված քննակենտրոններում` 189 և 14 դպրոցներում, առաջին քննության կազամակերպչական աշխատանքները ԳԹԿ խորհրդի կողմից արժանացել են բարձր գնահատականի:
«189 դպրոցի տնօրինությունը իսկապես հոգացել էր քննությունների կազմակերպման հետ կապված ամեն մի մանրուք,- «Հետքի» հետ զրույցում նշեց Գայանե Մանուկյանը,- նույնիսկ փողոցում մայթերի վրա ցուցանակներ էին փակցրել, որպեսզի դիմորդներն իմանային դպրոցի տեղը, և տեխնիկական պատճառներով որևէ մեկը չուշանար քննությունից: Բոլոր քննասենյակներում տեղադրված էին տեսագրող սարքերը և միացված էին մոնիտորներին` ուղիղ կապ հաստատելով քննասենյակի և ծնողների միջև»:
Առաջին քննությունը բազմապատկել է ծնողների լարվածությունը և տեղիք տվել զավեշտալի դեպքերի: 189 դպրոցում ծնողներից մեկը մոնիտորին երկար նայելուց հետո առաջարկել է «ալիքը շրջել», սեղմել է մոնիտորի հեռակառավարման վահանակի ստեղներից մեկը, և պատկերն էկրանից անհետացել է` տեղիք տալով փոքրիկ խուճապի և մյուս ծնողների վրդովմունքին:
«Բարեբախտաբար, կազմակերպիչները կարողացան այդ աղմուկը դադարեցնել, և օպերատորներից մեկը արագ վերականգնեց քննասենյակի պետկերը մոնիտորին»,- ասաց Գայանե Մանուկյանը:
Ծնողներից մեկն էլ դժգոհել է, թե մոնիտորին նախորդ տարվա քննության կադրերն են ցուցադրվում:
«Մենք նրան ստիպված չեղանք համոզել, որ էկրանին ցուցադրվում է այն, ինչ այդ պահին կատարվում է քննասենյակներում,- ասաց Գայանե Մանուկյանը,- մի ուրիշ ծնող ժամանակին նրան սաստեց, թե իր երեխան մոնիտորին երևում է, ինչպես կարող են կադրերը անցած տարվա լինել»:
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների քննական թեստերի պատասխաններն արդեն հայտնի են և տեղադրված են Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում` atc.am-ում: Քննական կարգի համաձայն` քննակենտրոններում քննության արդյունքները հրապարակվում են քննությունից հետո 5-րդ օրը: Բողոքարկումն իրականացվում է արդյունքների հրապարակման հաջորդ օրը` ժամը 10-18 ընկած ժամանակահատվածում:
Լուսանկարը՝ «Առավոտի»
Մեկնաբանել