
Գալուստ Սահակյանը չբացառեց, որ մի օր պատգամավորներն իրար կծեծեն խորհրդարանում
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը նորընտիր Ազգային ժողովից լավ ակնկալիքներ ունի, քանի որ, ըստ նրան` «լավ ընտրությունների հետեւանք» է: «Առավել եւս հատկանշական է, որ լուրջ քաղաքական գործիչներ են ընդգրկվել Ազգային ժողովում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:
Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ այս գումարման Ազգային ժողովում նորից ականատե՞ս ենք լինելու նիստերի դահլիճում հայհոյող պատգամավորների: Գ. Սահակյանը պատասխանեց. «Խորհրդարանն ինքը օպերատիվ եւ ճնշող գործողությունների միասնություն է: Նիստը որեւէ մեկը չի խանգարում, պարզապես հնարավոր է դեբատների ժամանակ կրքերը հասունանան, ինչպես որ ամողջ աշխարհում է լինում: Մեզ մոտ լավն այն է, որ անմիջապես հնարավոր է լինում փոխհարաբերությունների գործոնը առաջ տանել եւ հաջորդ պահերին հանգիստ աշխատել»:
Գալուստ Սահակյանը չբացառեց, որ պետության համար կարեւոր եւ սկզբունքային հարցերի քննարկման ժամանակ պատգամավորները նույնիսկ կարեղ են իրար ծեծել: «Շատ լուրջ խնդիր պետք է լինի, որ բանը դրան հասնի: Համենայնդեպս, այսքան տարի խորհրդարանում եմ, նմանատիպ շատ քիչ դեպքերի եմ ականատեսն եղել»,-ավելացրեց Գ. Սահակյանը:
Պատգամավորը, անդրադառնալով խորհրդարան անցած նոր դեմքերին, նշեց, թե նրանք նոր են որոշ մարդկանց համար, քանի որ խորհրդարան են անցել ոչ պատահական եւ ինչ-որ չափով հայտնի են եղել նաեւ քաղաքականության մեջ:
Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե հանրապետականներն ինչպես են խորհրդարանում աշխատելու, որպեսզի ամեն ինչ միատարր չլինի եւ ցանկացած օրինագիծ էլ չընդունվի:
«Ցանկացած օրինագիծ մեր կողմից քննարկման կներկայացվի, համագործակցության եզրեր կգնենք եւ այնպիսի դաշտ կստեղծենք, որ մյուս խմբակցություններն էլ մասնակից լինեն իրենց առաջարկներով»,- նշեց պատգամավորը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել