
Էդուարդ Աղաջանյան. «ԱԺ հայտարարության նախագծի ձևակերպումները լրացուցիչ ռիսկեր են ստեղծում Հայաստանի համար»
«Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» օրակարգով հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես եկավ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:
Նա հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծն աշխատանքային կարգով քննարկվել է ՔՊ կուսակցության ներկայացուցիչների հետ: Ըստ Աղաջանյանի՝ առաջարկված նախագծում կային բազմաթիվ դրույթներ, որոնք համահունչ չեն իրենց պատկերացումներին, ինչպես նաև, որ կա քաղաքական կամք՝ Ազգային ժողովի անունից հանդես գալ ընդհանուր հայտարարությամբ:
Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ չնայած, որ կային մեծ թվով դրույթներ, որոնց շուրջ հնարավոր եղավ գալ համաձայնության, այնուամենայնիվ, կան դրույթներ, որոնք սկզբունքային են, և համաձայնության գալու հնարավորություն չեղավ:
Իշխանական պատգամավորն ասաց, որ հայտարարության տեքստը բխում է նախապատերազմյան քաղաքականությունից, ինչը չի արտացոլում հետպատերազմյան իրավիճակը: Ըստ պատգամավորի՝ դրանք նույնիսկ համեմատելի չեն:
Աղաջանյանը նշեց, որ այսօր իրենց նպատակն է միջազգային կոնսոլիդացիա ձևավորել Հայաստանի շուրջ: Նշեց, որ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումները լրացուցիչ ռիսկեր են ստեղծում Հայաստանի համար:
Հիշեցնենք, որ հայտարարության նախագիծը ներկայացնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է այդ ձևակերպմանը, և իրենք ջնջել են «Հանրապետություն» ձևակերպումը: «Մեզ մոտ գրված է «պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում Ադրբեջանի կողմից», իրենք առաջարկում էին գրել Լեռնային Ղարաբաղի հայության դեմ հարձակում, որը նշանակում է՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը դիտարկվում է որպես Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություն: Այս տերմինը, ձևակերպումը մեզ համար ընդունելի չէ»,- ասաց Թևանյանը:
Մեկնաբանել