
Անդրանիկ Թևանյան. «ՔՊ-ն դեմ է Լեռնային Ղարաբաղ կամ Արցախի Հանրապետություն ձևակերպմանը»
«Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» թեմայով հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանին հարց ուղղեց նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Նա նշեց, որ հայտարարության վերաբերյալ քննարկումներ են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ և հետաքրքրվում էր, թե որոնք են այն սկզբունքային կետերը, որոնց դեմ է արտահայտվել իշխող խմբակցությունը:
Խամոյանը նաև հետաքրքրվեց, թե որոնք են եղել այն առաջարկությունները, որոնք ընդունելի չեն եղել հայտարարության նախագիծը ներկայացրած «Հայաստան» խմբակցության համար:
Պատասխանելով հարցին Անդրանիկ Թևանյանը նշեց, որ անհամաձայնությունը ֆունդամենտալ բնույթ է կրում: Այն վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումներին:
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է այդ ձևակերպմանը, և իրենք ջնջել են «Հանրապետություն» ձևակերպումը: Մեզ մոտ գրված է «պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում Ադրբեջանի կողմից», իրենք առաջարկում էին գրել Լեռնային Ղարաբաղի հայության դեմ հարձակում, որը նշանակում է՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը դիտարկվում է որպես Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություն: Այս տերմինը, ձևակերպումը մեզ համար ընդունելի չէ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը:
Հաջորդ հակասությունը վերաբերել է ինքնորոշման իրավունքին: Ադրանիկ Թևանյանն ասաց, որ ՔՊ խմբակցության պատգամավորներն այդ ձևակերպուները չեն ընդունում, ջնջել են:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ընդունած «Շուշիի հռչակագրին», ապա իշխող խմբակցությունը դրա դատապարտմանը ևս դեմ է եղել, և իրենց առաջարկություններում այդ մասն ընդհանրապես հանվել էր: Հանել են նաև Հայաստանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի և պաշտպանության մասերը:
Թևանյանը հիշեցրեց, որ այն բխում է Հայաստանի անկախության հռչակագրից և օրենսդրությունից:
Լուսանկարում՝ Անդրանիկ Թևանյանը
Մեկնաբանել