
1 մլրդ 343 մլն դրամ՝ 8 մարզում սուբվենցիոն ծրագրերի համար
Համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 342 մլն 950 հազ. դրամ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց, թե որ մարզում քանի ծրագիր է իրականացվում․
- Արագածոտնի մարզ՝ 1 ծրագիր, 102 մլն դրամ,
- Արարատի մարզ՝ 4 ծրագիր, 152 մլն դրամ,
- Արմավիրի մարզ՝ 6 ծրագիր, 66 մլն դրամ,
- Գեղարքունիքի մարզ՝ 3 ծրագիր, 122 մլն դրամ,
- Լոռու մարզ՝ 10 ծրագիր, 459 մլն դրամ,
- Կոտայքի մարզ՝ 12 ծրագիր, 260 մլն դրամ,
- Վայոց ձորի մարզ՝ 2 ծրագիր, 26 մլն դրամ,
- Տավուշի մարզ՝ 2 ծրագիր, 152 մլն դրամ։
Ըստ ՏԿԵ նախարար Սանոսյանի՝ ծրագրերի ընդհանուր գումարն անցել է 22 մլրդ դրամը, որտեղ Կառավարության մասնաբաժինը մոտ 14 մլրդ դրամ է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրերը ներկայացնելիս ասաց, որ նախորդ նիստերից մեկում տեղեկություն է հրապարակել մանկապարտեզի կառուցման մասին՝ Արագածոտն բնակավայրի փոխարեն՝ ասելով Արագածավան․ «Բայց, քանի որ ասել եմ, հանձնարարեցի՝ պարզեն, թե Արագածավան բնակավայրում ի՞նչ խնդիր կա։ Պարզվեց, որ էնտեղ մանկապարտեզում գույքի խնդիր ունեն։ Երկու տեղում էլ նորմալ մանկապարտեզային գույքով կապահովենք»։
ՏԿԵ նախարարն էլ հավելեց՝ չզեկուցվող հարցերով ընդունվել է որոշում, ըստ որի՝ ևս 960 մլն դրամ կտրամադրվի 4 մարզում սուբվենցիոն ծրագրերի համար։ Դրանք են՝
- Արագածոտնի մարզ՝ 2 ծրագիր,114 մլն դրամ,
- Գեղարքունիքի մարզ՝ 5 ծրագիր, 571 մլն դրամ,
- Լոռու մարզ՝ 4 ծրագիր, 146 մլն դրամ,
- Շիրակի մարզ՝ 3 ծրագիր, 127 մլն դրամ։
Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազիֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցների կիրառմամբ:
Մեկնաբանել