
Ալիևը, Մակրոնի պատճառով, հրաժարվել է Փաշինյանի հետ հանդիպելուց
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեմ է արտահայտվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ֆրանսիայի մասնակցությանը և քննադատել նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ղարաբաղյան հակամարտությունում հայամետ դիրքորոշում ունենալու համար։ Այդ մասին փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Պրահայում հանդիպումից մեկ շաբաթ էլ չանցած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր հարցազրույցում քննադատեց Ադրբեջանին և մեզ մեղադրեց մի բանում, ինչը մենք չենք արել։ Դրանից հետո հաջորդեց Ֆրանսիայի սենատին բոլորին հայտնի բանաձևը, որը բացարձակ անընդունելի է և վիրավորական։ Այնուհետև Ֆրանսիայի ազգային ժողովում հակաադրբեջանական ևս մեկ բանաձև, իսկ հետո մեզ վրա հարձակվելու Ֆրանսիայի փորձը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցով։ <...> Հաշվի առնելով այս ամենը, պարզ է, որ Ֆրանսիան չէր կարող մասնակցություն ունենալ խաղաղության գործընթացին»,- Բաքվում հայտարարել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի ու իր բրյուսելյան հաջորդ հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, սակայն իր օգնական Հիքմեթ Հաջիևը տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետը ցանկանում է հանդիպել միայն այն դեպքում, եթե այնտեղ լինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Իհարկե դա չի կարող լինել»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ այդպիսի պայմաններում հանդիպում լինել չի կարող։ Ալիևի խոսքով՝ Հաջիևին Մակրոնի հնարավոր մասնակցության մասին փոխանցել էին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից։
Ալիևի խոսքով՝ ի տարբերություն Ֆրանսիայի, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մյուս միջնորդները՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, երբեք պաշտոնական մակարդակով չեն պաշտպանել կողմերից մեկին»։ «Մենք կդիտարկենք այլընտրանքներ։ Տեսնենք, թե ով միջնորդի դեր կկատարի և ինչ հարթակում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Իր ելույթում Ալիևը անդրադարձել է նաև Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին և հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացների զուգահեռ ընթացքին։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ իրենք ցանկանում են, որ Հայաստանի ու Թուրքիայի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ ընթանան։
«Ներկայում մենք տեսնում ենք Հայաստանում հռետորաբանության փոփոխություն։ Հիմա նրանք ասում են, որ ցանկանում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, և մենք ասում ենք, որ աջակցում ենք դրան։ Մենք ցանկանում ենք, որ այդ երկու գործընթացները միմյանց հետ զուգահեռ ընթանան»,- նշել է նա՝ հավելելով, թե չգիտի՝ «որքան անկեղծ է հայկական կողմը, երբ խոսում է խաղաղության մասին»։
Մեկնաբանել