
«Հայաստան» հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնը՝ այսօր
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 17։00-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով կհեռարձակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագիրը կրող 25-րդ Հեռուստամարաթոնը։
Մեկնարկը կտրվի Հայաստանում, այնուհետև կտեղափոխվի Լոս Անջելես և կցուցադրվի տեղական ժամանակով ժամը 14:00-20:00: Հիմնադրամի փոխանցմամբ, Հանրային hեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռուստամարաթոն-2022»–ը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կներկայանա հաշվետու ֆիլմի տեսքով՝ 3 ժամ տևողությամբ, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2021-22 թվականներին իրականացված և ընթացիկ բազմաբնույթ ու լայնածավալ ծրագրերը:
Հեռուստամարաթոնը կսփռվի նաև արբանյակային կապով՝ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության կայքէջում, իսկ նոյեմբերի 24-ից հետո ամբողջությամբ կտեղադրվի Հիմնադրամի կայքէջում և ֆեյսբուքյան էջում։
«Հիմնադրամի ծրագրերի շնորհիվ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները վերագտնում են իրենց և վերադառնում բնականոն կյանք: Արցախում հարյուրավոր արցախցիներ արդեն իսկ տեղափոխվել են նոր բնակարաններ, հարյուրավոր բնակարանների և տների կառուցումը դեռ ընթացքի մեջ է:
Կառուցվել են խոշոր ճանապարհներ, ջրատարներ, հիմնանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ և այլն: Սյունիքի, Շիրակի, Արմավիրի և Տավուշի բազմաթիվ սահմանային համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերի շնորհիվ, այդ բնակավայրերի մեր հայրենակիցները շենացնում են իրենց հայրենի հողը, Գյումրի քաղաքը բեռնաթափվում է տնակավաններից: Այս բոլոր ծրագրերը դեռ սկիզբն են այդչափ նշանակալի իրականացրած ու կենսական կարևորության նոր ծրագրերի մեկնարկի:
Իր աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների ջանքերի շնորհիվ է, որ Հիմնադրամը տարիներ շարունակ կարողանում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող լայնածավալ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում»,- ասված է Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել