
Գումարվեց ԱԺ առաջին նիստը. պատգամավորներն ընտրում են ԱԺ նախագահ
Այսօր 5-րդ գումարման Ազգային ժողովը գումարեց անդրանիկ նիստը: Պատգամավորներից բացի ներկա էին նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:
ԱԺ անդրանիկ նիստին ներկա չէին ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները: Ներկա չէր նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքում հատուկ ողջունեց Հայ ազգային կոնգրեսի մուտքը խորհրդարան: Նախագահը նշեց, որ քարոզարշավի ժամանակ իրենք մեկ առ մեկ գրառել են քաղաքացիների խնդիրները, եւ այժմ դրանց լուծման ժամանակն է: Սերժ Սարգսյանը կոչ արեց պատգամովորներին սերտ պահել հասարակություն-պատգամավոր կապը եւ չբավարարվել միայն գրասենյակային աշխատանքով:
Տերունական աղոթքով եւ ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Գարեգին Բ-ն, որից հետո պատգամավորները երդվեցին:
Նիստը վարում էր ամենատարեց պատգամավորը`ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը: Ինչպես միշտ, այսօր էլ գրանցվելու հետ կապված խնդիրներ առաջացան: Մկրտիչ Մինասյանը ստիպված էր մի քանի անգամ քվեարկություն կազմակերպել, որպեսզի հատկապես նորեկները սովորեն քվեարկության կարգին: «Եթե ձեր կոճակները չեն աշխատում, ձեր մատը ցույց տվեք»,-ասաց Մկրտիչ Մինասյանը:
Գրանցվելուց հետո, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ձեւավորվեց հաշվիչ հանձնաժողով, ինչին հաջորդեց ԱԺ նախագահի թեկնածուների առաջադրումը: ՀՀԿ-ն առաջադրեց ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին: Այլ թեկնածուներ չառաջադրվեցին:
Իր ելույթում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս խորհրդարանը լավն է լինելու եւ ամեն ինչ անելու է բազմակողմանի քննարկումներ եւ բազմակարծություն ապահովելու համար: Նա կոչ արեց բոլորին համատեղ աշխատեղ` ի շահ երկրի եւ ժողովրդի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել