
«Երկիրը» հիմնավորեց «կազինոների մշտական հաճախորդ» արտահայտությունը
Իսկ ԱԺ 1630 նիստից չի մասնակցել 1371-ին
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանում ավարտվեց «Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ի» գործի ապացույցների հետազոտումը:
Հայցվոր կողմը պնդեց իր հայցապահանջը, որով ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը պահանջում է թերթից հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները և պատճառված բարոյական վնասի ու դատական ծախսերի համար վճարել 3 մլն 568 հազար դրամ:
Հիշեցնենք, որ պատգամավորին վիրավորել են «Երկիր» օրաթերթի այս տարվա հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո տպագրված հոդվածում տեղ գտած մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ նրա, «ստահոդ» են և արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը:
Մասնավորապես, պատգամավորը վիրավորական է համարում «ստիլյագ», «ավելի հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով», «աղջիկներ է տանում-բերում», «հայտնի է նաև որպես կազինոների մշտական հաճախորդ», «շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի» և այլ արտահայտություններ:
Նիստի ընթացքում Արզաքանցյանի շահերի պաշտպան Վահե Հովսեփյանը, փորձելով հիմնավորել իր պնդումները, հղում կատարեց ՀՀ օրենսդրությանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքին և ևս մեկ անգամ հաստատեց, որ թերթում տեղ գտած վիրավորական արտահայտությունները հիմնված են «մտացածին» փաստերի վրա և պետք է հերքվեն:
«Երկիրի» ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանը ապացույցները ներկայացնելիս նույնպես հղում կատարեց ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին` նշելով, որ լրագիրը իրավունք ունի սուբյեկտիվ եզրահանգումներ կատարելու, որոնք հիմնված են փաստերի վրա:
«Երկիրի» ներկայացրած փաստերի թվում էին այլ թերթերում տեղ գտած հրապարակումներ, որոնց հիման վրա թերթը եզրահանգումներ է արել: Նշվեց այլ դատական գործով պարզված հանգամանքը, համաձայն որի պատգամավորը հաճախել է միևնույն խաղատուն 33 անգամ, ինչպես նաև ԱԺ աշխատակազմից ստացված պատասխանը, համաձայն որի Արզաքանցյանը 2007 թ. սեպտեմբերից սկսած ԱԺ1630 նիստից բացակայել է 1371 անգամ:
Դատավոր Ռ. Ափինյանը հարցրեց փաստաբան Հովսեփյանին, թե արդյոք վերջին փաստը իրավունք չի տալիս թերթին եզրահանգելու, որ պատգամավորը նիստերին «հազարից մեկ» է հաճախում: Սակայն, ըստ փաստաբանի, նույնիսկ այդ փաստը թերթին իրավունք չի տալիս այդ մասին գրել:
Պատասխանելով այս պնդմանը և պատգամավորի ուղարկած հերքման նամակում տեղ գտած «թերթը բարոյական իրավունք չունի» արտահայտությանը` «Երկիրի» խմբագիր Բ. Եսայանը հակադարձեց, որ իրենք, այնուամենայնիվ, «ունեն բարոյական իրավունք» և պատրաստվում են ուշի-ուշով հետևել պատգամավորի քայլերին ու դրանց մասին տեղեկացնել հասարակությանը:
«Ստիլյագ» եզրի վիրավորական լինելը քննարկելիս դատավորը մեջբերեց ռուս դասական Ալ. Պուշկինի «Եվգենի Օնեգին» ստեղծագործությունից մի հատված` «Острижен по последней моде; Как dandy лондонский одет; И наконец увидел свет...» և նշեց, որ նույն տրամաբանությամբ կարելի է «դենդի» բառը համարել վիրավորական: Դատավորը փորձում էր պարզել` գուցե ըստ փաստաբանի և նրա վստահորդի «ստիլյագ» բառը օգտագործվել է ծաղրելու նպատակով, և դա է համարվել վիրավորական: Փաստաբանը պատասխանեց` նաև դա:
Դատարանը մանրամասն քննեց պատասխանող կողմի ներկայացրած բոլոր ապացույցները, այդ թվում նաև` թերթերի հրապարակումները և դատաքննությունը հայտարարեց ավարտված:
Լրագրողների հարցին, թե ինչու է պատգամավորը թերթից պահանջում փոխհատուցման առավելագույն չափ, Տիգրան Արզաքանցյանի փաստաբանը պատասխանեց, որ եթե սահմանը լիներ 10 մլն դրամ, ապա կպահանջվեր այդքանը:
Վ. Հովսեփյանը ակնկալում է հայցի բավարարում, իսկ ըստ Լ. Գրիգորյանի` դատական վեճի ելքն անկանխատեսելի է: Սակայն վերջինս հույս ունի, որ, այնուամենայնիվ, խոսքի ազատության իրավունքը կպաշտպանվի:
Դատավճիռը կհրապարակվի հունիսի 8-ին, ժամը 13:00-ին:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել