
Փաշինյանը հանդիպել է մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին և բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Արթուր Դավթյանը և Հարությունյան Մերդինյանն իրենց տպավորություններն են կիսել աշխարհի առաջնությունից և անդրադարձել առաջիկա ծրագրերին, այդ թվում՝ կապված Օլիմպիական խաղերի հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են մարմնամարզության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, նշվել է, որ կառավարության ֆինանսավորմամբ այժմ կառուցվում է Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի նոր շենքը, իսկ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցի նոր շենքի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ Երևանի քաղաքապետարանի կողմից: Երկու մարզադպրոցներն էլ շահագործման կհանձնվեն 2025 թվականին ևկհամալրվեն ժամանակակից գույքով:
Անդադարձ է կատարվել նաև մեր երկրում մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորություններին և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը զեկուցել է, որ 2022 թվականին մինչ այս պահը տարբեր սպորտաձևերից Հայաստանի մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 288 մեդալ, որից 101-ը՝ ոսկե:
Մեկնաբանել