
Միրզոյան-Բայրամով հանդիպում՝ Վաշինգտոնում
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։
ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հաղորդմամբ, այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։ Այժմ ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։
Վերջին անգամ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպել էին հոկտեմբերի 14-ին Աստանայում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։ Ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել էին եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Այս հանդիպման ժամանակ ակնկալվում է, որ կողմերը դարձյալ կքննարկեն հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղության պայմանագրի դրույթները։
Մեկնաբանել