
Պատգամավոր Շուշան Պետրոսյան. «Փողոցը մաքրող մարդկանց ցավը տանեմ»
Երգչուհի, այժմ արդեն ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը այսօր եկել էր ԿԸՀ՝ ստանալու պատգամավորական մանդատը: «Հետքի» հետ զրույցում Շուշան Պետրոսյանն ասաց, որ ինքը երբեք շոու-բիզնեսում չի եղել եւ փոփ երաժշտություն է ներկայացնում, հետեւաբար սխալ է ասելը, որ շոու-բիզնեսից է գնում քաղաքականություն:
«Միշտ բողոք ունեմ շոու-բիզնես եւ աստղ բառերի նկատմամբ, որն իմ գործունեության 20 տարիների ընթացքում արտահայտել եմ: Հատկապես չեմ ընդունում, երբ լրագրողները պրիմիտիվ ակնարկ էին անում, թե շոու-բիզնեսը մտել է Ազգային ժողով: Շոու-բիզնեսը չի մտել Ազգային ժողով, այլ մտել է մի մարդ` Շուշան Պետրոսյանը, որն առաջին անգամ է այնտեղ»,- ասաց Շուշան Պետրոսյանը:
«Մարդը չպետք է զլանա աշխատել: Ինձ համար երգարվեստը, կերպարվեստը նույնքան կարեւոր են, որքան իմ աշխատելն օրենսդիր մարմնում ու ծառայելը երկրին: Ես այդ սկզբունքով ու երազանքով եմ հայտնվել Ազգային ժողովում: Ես պիտի աշխատեմ, որովհետեւ հոգնել ենք այս բողոքներից: Ինչքա՞ն կարելի է բողոքել ու ասել, որ սա վատ է, ընդ որում՝ ասում են այն մարդիկ, ովքեր նույնիսկ քաղաքացի կայացած չեն: Նրանք նույն երիտասարդներն են, որ ասում են՝ աշխատանք չկա, բայց առաջարկում ես, որ կա աշխատանք եւ նրան օգնելու ցանկություն կա, անմիջապես հարցնում է` որքա՞ն է աշխատավարձը, օրինակի համար ասում ես` 60 հազար դրամ, պատասխանում է, թե էդ էր մնացել պակաս, որ գնամ 60 հազարով աշխատեմ»,- ավելացրեց պատգամավորը:
Հարցին, թե ժողովուրդը չընդունեց ՀՀԿ շարքերն ընդգրկվելը, եւ արդյոք հնարավոր չէ՞ր առանց կուսակցական դառնալու մտնել քաղաքականություն, Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց եթե ինձ այդ կուսակցությունից են առաջարկ անու՞մ… թող ուրիշ կուսակցություններից առաջարկ անեին, կմտածեի: Ինչու՞ չէ, կարեւոր է պետական մտածողությունն ու Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը, որն ի վերջո պետք է երկրին ծառայի»:
Շուշան Պետրոսյանն ասաց, որ նախորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքներին ինքը չի հետեւել, որովհետեւ իր համար չափազանց անհետաքրքիր է եղել: «Այնտեղ որեւէ պրոցես չէր կատարվում, աշխատանք չկար, եռուզեռ չկար: Ինձ համար կարեւոր է, որ հիմա բազմագաղափար կուսակցություններ կան խորհրդարանում: Պետք է շարժում լինի, բանավեճ լինի, եւ միակ բանը, որ երազում եմ, քաղաքակիրթ մշակույթ ձեւավորելն է, որովհետեւ մենք օրինակ ենք լինելու ժողովրդի համար»,- ավելացրեց Շուշան Պետրոսյանը:
Նորընտիր պատգամավորի կարծիքով՝ եթե ամեն մարդ կարեւորի իր աշխատանքը, երկրում շատ բան կփոխվի:
Ըստ նրան` ցածր աշխատավարձով աշխատելն ամոթ չէ, բայց ամոթ է չաշխատելը: Պատգամավորը մտածում է, որ խնդիրը բոլորիս մեջ է, եւ ամենեւին էլ ինքը «կույր ռոմանտիկ» չէ, սակայն լավատես է:
«Մեծապես հարգանք է ինձ համար, երբ տեսնում եմ համզգեստով գիշերները փողոցը մաքրող մարդկանց: Աշխատանքը հարգելի է, ես այդ փողոցը մաքրող մարդկանց ցավը տանեմ: Իրենք ավելի մեծ հայրենասեր են, քան մեծ-մեծ, պոռոտախոս մարդիկ: Հայ ժողովուրդը միշտ աշխատող ու մշակ է եղել, իսկ հիմա միայն բառեր են մնացել գրքում»,- ավելացրեց պատգամավորը:
Նրա խոսքով` ինքը կռիվ ունի տգեղ խոսելաձեւի եւ դիմելաձեւի դեմ, սակայն դեռ ծանոթ չէ Ազգային ժողովի միջավայրին:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել