
Ավարտվեց Գնել Սանոսյանի ստորագրած հրամանի վիճարկման դատաքննությունը
Վարչական դատարանում դատավոր Արմեն Ներսիսյանի նախագահությամբ ավարտվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրամանի վիճարկման դատաքննությունը։ Դատական ակտը կկայացվի այս տարվա նոյեմբերի 24-ին։
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Գնել Սանոսյանի՝ 19.11.2021 թ․-ին ստորագրած «2221-Ա» հրամանը և ընկերությանը հաղթող ճանաչել Արմավիրի մարզի միասնական երթուղու մրցույթում։ Գնել Սանոսյանի նշված որոշմամբ՝ Արմավիրի միասնական երթուղու մրցույթում հաղթող չէր ճանաչվել մրցույթի համար դիմած երկու ընկերություն։
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, վարչական դատրանում տեղի ունեցած նիստում հետազոտվեց 2 ապացույց։ Մեկը վճարման անդորրոգիրն էր, մյուսը փոխառության պայամանագիրը։ Հայցվոր և պատասխանող կողմերի ներկաայցուցիչները հանդես եկան հակիրճ ճառերով։
ՏԿԵ նախարարությունը նախորդ տարի Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղին սպասարկելու համար մրցույթ էր հայտարարել, որին երկու ընկերություն էր մասնակցել։ «Գալակտիկա տրանս սերվիս» և «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ներն էին դիմել մրցույթին։ Նախարարությունը, մրցույթի արդյունքներն ամփոփելով, որոշել էր, որ ընկերություններից ոչ մեկը հաղթող չի կարող ճանաչվել հետևյալ պատճառաբանությամբ՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն 1.5 % կանխավճարը ոչ թե ընկերության հաշվեհամարից է վճարել, այլ ընկերության բաժնետիրոջ, իսկ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի ներկայացրած մեքենաները չեն համապատասխանել ԳՕՍՏ ստանդարտներին։
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն այսօր, ի թիվս այլ երթուղիների, շահագործում է նաև Երևան-Արմավիր երթուղին։ «Հետքը» գրել էր, որ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն փոխկապակցված է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։
Հիշեցնենք, որ երեկ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից ոստիկանությանը կաշառք տալու դեպք։
Մեկնաբանել