
Գագիկ Ծառուկյանի ընկերությունը կազատվի 16,5 մլրդ դրամի մաքսատուրքից
Կառավարությունը գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տաբակ» ընկերությանը կազատի 16,5 մլրդ դրամի մաքսատուրքից։ Որոշումն ընդունվեց գործադիրի նոյեմբերի 3-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
Ըստ նախագծի հիմնավորման՝ «Մուլտի տաբակ» ՍՊ Ը-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 59 մլրդ դրամի ներդրում՝ հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Արտադրանքի 80 տոկոսից ավելին նախատեսվում է արտահանել։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 100 նոր աշխատատեղ՝ 350 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 162.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 16․5 մլրդ դրամ։
Հիմնավորմամբ՝ ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 224 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կստանա «Օվալ պլաստիկ» ՍՊԸ-ն։
Ընկերության 100 %-ի բաժնետեր է Վարուժան Խալաթյանը։
Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիմերային տարաների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 113 նոր աշխատատեղ՝ 207-274 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 224 մլն դրամ:
Մեկնաբանել