
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծարանի վերաբերյալ «Հետքի» հրապարակումը
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հետք»-ի՝ «Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը» նյութում տեղ գտած փաստերը: Այս մասին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:
Գրել էինք, որ Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն է՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան»։
«Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021թ. մայիսի 27-ին: Ընկերության հիմնադիրները եղել են Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:
Հիմնադրումից ամիսներ անց «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերը փոխվել են: 2021թ. հոկտեմբերի 19-ից ընկերության 80% բաժնեմասը պատկանում է Արսեն Թորոսյանի հորը՝ Գևորգ Թորոսյանին: Իսկ 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը:
Երբ Արսեն Թորոսյանն Առողջապահության նախարար էր, Ռազմիկ Թադևոսյանը եղել է նրա վարորդը: Այնուհետև դարձել է Թորոսյանի օգնականը, երբ վերջինս ընտրվել է ԱԺ պատգամավոր: Ռազմիկ Թադևոսյանը Ազգային ժողովից էլ «գործուղվել» է Արագածոտնի մարզպետարան՝ ավելի մոտ գտնվելով երկու ընտանիքի համատեղ բիզնեսին:
Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արձագանքել է «Հետք»-ի հոդվածին՝ չհերքելով շարադրված փաստերը: Փոխարենը «ցածրորակ» որակելով հրապարակումը՝ փորձել է քաղաքական երանգ տալ՝ իբր «իրականում շատ հասկանալի է, թե ինչու է դա արվում հենց հիմա՝ ՔՊ կուսակցության համաժողովին ընդառաջ»:
Թորոսյանը մեզ «մեղադրել» էր բաց աղբյուրներում հրապարակված տեղեկատվությունը հրապարակելու համար՝ նշելով, թե «այդ տեղեկատվության մեջ չկա որևէ սենսացիա»:
Մեկնաբանել