
Նիկոլ Փաշինյան. «Ես ցանկանում եմ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ»
Պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն, ԱԺ ամբիոնից պատասխանելով պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին, նշեց, որ ինքն ու Կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրեն, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ մինչև տարեվերջ, լինի իրատեսական:
Պատգամավորը հետաքրքրվել էր, թե ո՞ր փուլում են գտնվում բանակցությունները և հավանակա՞ն է խաղաղության պայմանագրի կնքումը: Բադալյանը նաև հետաքրքրվեց՝ արդյոք նման պայմանագրի կնքումը նշանակում է բարեկամությու՞ն թշնամիների հետ:
«Կա մի այսպիսի կարևոր հանգամանք: Մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները: Ինչքանով է դա իրատեսական, եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991թ․ սահմանների հիման վրա, կարող է լինել իրատեսական: Այդ սահմաններն, ըստ էության, հայտնի են»,- ասաց Կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարևոր է նաև երկխոսություն սկսելը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Ըստ նրա՝ Ղարաբաղի բնակչության իրավունքների և պաշտպանության տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել