
ԵՄ դիտորդական առաքելության հիմնական խումբն առաջիկայում կժամանի Հայաստան․ վարչապետ
ԵՄ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելության հիմնական խումբն առաջիկայում կժամանի Հայաստան։ Այս մասին Կառավարության հոկտեմբերի 20-ի նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում։
«Հաճույքով պետք է արձանագրեմ, որ ԵՄ գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել։ Նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դիտորդական առաքելությունը, ըստ պայմանավորվածության, երկու ամիս պետք է աշխատի։
«Մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել ժամկետը կամ այն փորձել դարձնել մշտական։ Ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում մի թեմա է, որը մեր հանրության և փորձագիտական շրջանում քննարկվում է։ Եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,- նշեց Կառավարության ղեկավարը։
Մեկնաբանել