
Զոլաքար համայնքի հափշտակված խողովակների քրեական վարույթը կասեցվել է
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի 1.8 կմ երկարությամբ խողովակաշարի գողության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը (քրեական գործ) կասեցված է։ Այս մասին մեր հարցման ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
Զոլաքարի ոռոգման խողովակաշարի ապամոնտաժման և յուրացման մասին «Հետք»-ը գրել էր 2020 թ-ին։ Մեր հրապարակումից հետո քրեական գործ էր հարուցվել, քննվում էր Քննչական կոմիտեում։ Այդ ժամանակ Զոլաքարի բնակիչները մեզ պատմել էին, որ խողովակաշարի ապամոնտաժմանն առնչվում է այդ ժամանակվա համայնքապետ Արման Ղազարյանը։
ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Ա․ Գևորգյանը «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ խողովակների գողության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը կասեցվել է 2021 թ-ի հուլիսի 29-ին։ Ի դեպ, այդ գործը 2021 թ-ին մեկ անգամ էլ էր կասեցվել, սակայն գործը հսկող դատախազի որոշմամբ կասեցումը վերացվել էր, և նորից նախաքննություն էր իրականացվում։
Զոլաքար համայնքում նախկին համայնքապետ Արման Ղազարյանի պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած չարաշահումների մասին «Հետք»-ը մի քանի հրապարակում ունեցել է, որոնց արդյունքում վերականգնվել էր ընդամենը 2 միլիոն դրամի վնաս։
Մեկնաբանել