
Նորք-Մարաշում մայթը քանդվել է Հայկ Մարությանի և Արմեն Ղուլարյանի ստորագրած փաստաթղթերով
Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում մայթը ապամոնտաժելու և կայանատեղիի վերածելու որոշումը կայացվել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանի ստորագրած փաստաթղթերի հիման վրա։ Դա պարզ է դառնում Երևանի քաղաքապետարանի «Հետք»-ին տրամադրած քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրությունից։
«Հետք»-ն այս շաբաթ գրել էր, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան 143 հասցեում նոր կառուցվող շենքին հարող մայթն ապամոնտաժվել և վերածվել է ավտոկանաատեղիի։ Իսկ նոր կառուցվող շենքում առաջիկայում բացվելու է սուպերմարկետ։
Երևանի քաղաքապետարանից մեզ են տրամադրել Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից համաձայնեցված նախագիծը, շինթույլտվությունը, նորակառույցի շինարարության փաստաթղթերի պետական համալիր փորձաքննության եզրակացությունը։
Այսպես, 2021 թ.-ի նոյեմբերի 23-ին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, պետական համալիր փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանը դրական եզերակացություն է տվել Արմենակյան 143 հասցեում նոր շենք կառուցելու նախագծային փաստաթղթերին։ Դրական եզրակացություն ստացած նախագծում ներառված են մայթը ավտոկայանտեղիի վերածելու գծագրերը։
Արդեն Արմեն Ղուլարյանի ստորագրած եզրակացությունը հիմք ընդունելով՝ 2021 թ․-ի նոյեմբերի 26-ին Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը կառուցապատող «Սիամաս» ՍՊԸ-ին տրամադրել է շինթույլտվություն։ Այս ընկերությունը շինարարական է և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում նորակառույցներ է կառուցել/կառուցում։ Ուշագրավ է, որ այս ընկերությունը նախագծման և շինարարության թույլտվություն կարողացել է ստանալ ընդամնեը 4 ամսում այն դեպքում, երբ Երևան քաղաքում կառուցապատողները դժգհում են շինթույլտվությունների տրամադրման չհիմնավորված ձգձգումներից։
Հգ․ Անկախ նրանից, թե ում ստորագրությամբ է որոշվել մայթն ապամոնտաժել, Երևանի գործող քաղաքային իշխանությունները, եթե ցանկանան, կարող են մայթի նախկին տեսքը հետ բերել։ Դրա համար պարզապես պետք է ցանկություն և կամք ունենան Երևանի բնակիչների շահերը պաշտպանել՝ կառուցապատողների շահերից։ Ի դեպ, այս օրերին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը (ով քաղաքապետ դառնալու ծրագիր ունի) Երևանի վարչական շրջաններում հանդիպում է բնակիչներին և Նորք-Մարաշ դեռ չի այցելել։ Գուցե Նորք-Մարաշի բնակիչներին հանդիպի հենց այս ապամոնտաժված մայթի տեղո՞ւմ։
Մեկնաբանել