
650 մլն դրամ՝ Երևանի մետրոպոլիտենի վերազինման համար
Կառավարությունը շուրջ 500 մլն դրամ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենի կարիքների համար թունելային հզոր օդափոխիչներ և СП-6 սլաքային փոխադրիչների պահեստամասեր ձեռք բերելու համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց՝ մեկ այլ նախագծով Կառավարությունը ևս 150 մլն դրամ կհատկացնի․ անհրաժեշտ է գնել վագոնների պահեստամասեր, մալուխներ, լուսավորության ցանց և այլն։
Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակն է մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումների ապահովումը և նրա հետագա գործունեության բարելավումը՝ հաշվի առնելով մետրոպոլիտենի ռազմավարական և խիստ կարևոր կենսական կառույց լինելու հանգամանքը:
ՏԿԵ նախարարը նշեց՝ 14 հզոր օդորակիչն կգնեն, ներկայիս օդորոկիչները տեղադրվել են 1980-ականներին, և դրանից ի վեր չեն փոխվել։ Բացի այդ, СП-6 սլաքային փոխադրիչները տեխնիկական նորմատիվների համաձայն՝ ենթակա են վերանորոգման 5 տարի պարբերականությամբ։ Վերջին վերանորոգումը կատարվել է 9 տարի առաջ, խախտվել է սլաքային փոխադրիչների հիմնանորոգման պարբերականությունը։
14 թունելային հզոր օդափոխիչի ձեռքբերման համար կհատկացվի 480 մլն դրամ, իսկ սլաքային փոխադրիչների պահեստամասերի ձեռքբերման համար՝ 19,4 մլն դրամ։
Սանոսյանի խոսքով՝ նաև քննարկվում ու շրջանառվում է նախագիծ՝ մոտ 1,5 մլրդ դրամ ներդրում իրականացնելու մասով։ Մետրոյի վերազինումը շարունակական գործընթաց է։
Անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախագիծը պատրաստ կլինի 2023-ի վերջին, իսկ շինարարությունը պետք է սկսվի 2024-ին։
«Պետք է աշխատենք մետրոյի ուղևորահոսքերն ավելացնելու ուղղությամբ, և Երևանի տրանսպորտային համակարգը կառուցենք ըստ այդմ»,- նշեց վարաչապետը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց՝ մետրոյի նոր կայարանի նախագծի արժեքը 1 միլիարդ 848 մլն դրամ է։
Մեկնաբանել