HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Նորք-Մարաշում մայթը վերածում են «Երևան սիթիի» համար կայանատեղիի

Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում բարեկարգ մայթը ծանր տեխնիկայով քանդվել է։ Մայթը շուտով ավտոկայանատեղի կդառնա, քանի որ արդեն նախկին մայթին կից նախատեսվում է «Երևան սիթի» սուպերմակետ բացել։

Արմենակյան 143 հասցեում նորակառույց շենքի շինարարությունը դեռ չի ավարատվել, սակայն կառուցմանը զուգահեռ արդեն ապամոնտաժվել է նոր բարեկարգված մայթը։ «Հետքի» տեսախցիկն արձանագրել է մայթի ապամոնտաժումը։

Երևանի քաղաքապետարանն Արմենակյան 143 հասցեում «Սիամս» ՍՊԸ-ին բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար դեռևս նախորդ տարի (2021թ․-ին) շինթույլտվություն է տվել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023 թ.-ի նոյեմբեր ամսին։ Մինչ շինարարության ավարտը կառուցապատողը շինհրապարակի ցանկապատի վրա արդեն փակցրել է պաստառ, որն ազդարարում է «Երևան սիթի» սուպերմարկետի մոտալուտ բացումը։

Հոկտեմբերի 8-ին՝ ոչ աշխատանքային օրը, էքսկավատորով մի քանի ժամում մայթն ապամոնտաժվել է։ Բազալտե ծանր եզրաքարերը մի անկյունում էին կուտակել։

Արմենակյան փողոցի քանդված մայթի հարևանությամբ է գտնվում Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմը, նրա հարևանությամբ՝ մանկապարտեզ, եկեղեցի։ Այսինքն՝ մայթի ապամոնտաժումը հետիոտնի համար արդեն անհարմարություն է առաջացրել, եւ կարելի է պատկերացնել, թե որքան անհարմար կլինի, երբ մայթի տեղում մեքենաներ կայանեն։

Արմենակյան փողոցում սա առաջին մայթ-կայանատեղին չէ։ Նմանատիպ իրավիճակ է նաև «Սքայ» սոպերմարկետին հարող մայթի տեղում (Արմենակյան փողոցի միջնամաս)։

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը 2020 թ.-ին «Եղնիկիպես» ՍՊԸ-ի հետ պայմանագիր էր կնքել, որ ընկերությունը 29 մլն դրամով վերանորոգեր Նորք-Մարաշ վարչական շրջանի փողոցների և մայթերի ասֆալտբետոնե ծածկը։ 

Մայթի ապամոնտաժման վերաբերյալ գրավոր հարցմամբ դիմել ենք Երևանի քաղաքապետարան, պարզաբանում ստանալուն պես այն կհրապարակենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter