
Խաղողի մթերման պայմանագրերը խզվել են. վերավաճառողները հայտնվել են տնտեսվարողի ու մթերողի արանքում
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Կառավարությունը մոլորեցրել է խաղողագործներին՝ հույս տալով, թե մթերման հարցը լուծվելու է: Մինչդեռ գործարանները կրճատել են մթերվող խաղողի քանակները, շատերի հետ խզել են պայմանագրերը:
Արմավիրի մարզի Խանջյան գյուղի խաղողագործների մեծ մասը տարիներ շարունակ խաղողի մթերման պայմանագրեր է ունեցել Երևանի կոնյակի գործարանի հետ: Տարիների ընթացքում մթերման ծավալները կրճատվել են, ինչի հետևանքով այսօր գյուղացիների մի մասի հետ այլևս պայմանագրեր չեն կնքվում: Փոխարենն օգտվում են մթերող գործարանների հետ պայմանագրեր ունեցողները. գյուղացիներից 90-100 դրամով խաղողը վերցնում են և գործարանում հանձնում 120-155 դրամով:
Մհեր Բալյանն ընտանիքի անդամների հետ խաղող էր քաղում, սակայն նա էլ մյուսների նման պայմանագիր չունի ու մասնավոր անձանց հետ է պայմանավորվել, որ 100 դրամով խաղողը գնեն: Սա այն դեպքում, երբ Մհերի հաշվարկով խաղողի ինքնարժեքը կազմում է 110-120 դրամ:
Պատմեց, որ մոտ 20 տարի է՝ պայմանագիր է ունեցել Կոնյակի գործարանի հետ: Ճիշտ է՝ ամբողջ բերքը չեն մթերել, սակայն մոտ 70% կարողացել է հանձնել: Խաղողի մնացած մասն էլ մթերել է մարզի Ամասիա գյուղում բացված Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի մասնաճյուղը: Ինչպես Մհերն է ասում, դրանից հետո, «սիրտը տաք» աշխատել են: Արդեն 2 տարի է՝ Ամասիայի մթերման կետը խաղող չի ընդունում, Կոնյակի գործարանն էլ այս տարի պայմանագիր չի կնքել Մհերի հետ:
«Վերջին տարիներին Կոնյակի գործարանը նախորդ տարվա համեմատ 10-20% քիչ մթերման պայմանագիր է կնքել: Բերեցին, հասցրին 5 տոննայից ցածր: Այս տարի էլ ասացին՝ ում պայմանագիրը 5 տոննայից քիչ է, հանում ենք: Բայց իրենք գիտեն, որ մեր այգին 5 չէ, 35 տոննա բերք է տալիս: Բայց գոնե այդ 4 տոննան մթերեին, մեր համար դա էլ էր էական, բայց չարեցին»,- ասում է Մհեր Բալյանը:
Մհերը 1.5 հա խաղողի այգի ունի: Համեմատաբար երիտասարդ այգիներ են, 4-5 տարի է, ինչ սկսել է այգուց բերք հավաքել: Իրացման դժվարությունների պատճառով մտածում է քանդել այգին:
Մհերը հիշում է, որ տարվա սկզբին վարչապետը ելույթ է ունեցել Ազգային ժողովում և հանձնարարել ոլորտի պատասխանատուներին՝ խաղողի մթերման հետ կապված գյուղացիներին հստակ տեղեկություններ տալ: Մհերը, շատերի նման ուրախացել է, որ պատկան մարմինները գործընթացն ինքնակամ են սկսել՝ առանց գյուղացիների բողոքի ակցիաների ու ճնշման:
Սակայն, ուրախությունը երկար չի տևել: Նշված ժամկետում որևէ մեկը գյուղացիների հետ պայմանավորվածություն չի ունեցել խաղողի մթերման հարցում: Անհանգստանալով՝ մարզպետարանից հետաքրքրվել են, ստացել են պատասխան, որ օգոստոսի 1-ը վերջնաժամկետն է:
Օգոստոսն էլ է ավարտվել, դարձյալ ոչ մի հստակություն: Սեպտեմբերին գյուղացիները սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել:
«Էկոնոմիկայի նախարար Քերոբյանը երևի նեղություն էր քաշել, իր աթոռից վեր էր կացել ու սեպտեմբերին եկել էր Արմավիրի մարզ, որպեսզի սուտ խոսի: 2-3 հարյուր մարդ կար հավաքված, խոստացավ, որ Կառավարության առաջիկա նիստից հետո բոլորս կիմանանք, թե մեր բերքը որտեղ ենք հանձնելու: Չասաց, որ ժողովուրդ ջան՝ կներեք, չենք կարող, խոստացավ: Կառավարության նիստի օրը՝ հինգշաբթին անցավ, հաջորդ շաբաթն էլ անցավ, մարզի ղեկավարությունից ոչ ոք խաբար չէր, թե Կառավարությունում ինչ են որոշել: Կառավարության նիստն ենք նայում՝ խաղողի մասին խոսք անգամ չկա, ինչ-որ շենքի տուալետի վերանորոգման գումար են հատկացնում»,- ասում է Մհերը:
Օրեր առաջ մի խումբ գյուղացիներ գնացել են Էկոնոմիկայի նախարարություն և հանդիպել են նախարար Քերոբյանի հետ: Մհերը վիրավորվել էր նաև պետության վերաբերմունքից: Ասում է՝ նախարարությունում ծառայություն իրականացնող ոստիկաններից բացի, նախարարության շենքի մոտ են հրավիրվել նաև կարմիր բերետավորները:
Մհերի պատմելով՝ Քերոբյանը 1-2 ժամ ժամանակ է խնդրել գյուղացիներին տեղեկացնելու համար, թե ինչպես է կազմակերպվելու մթերումը: Տեղում գյուղացիները հստակ պատասխան չեն ստացել, և խոսակցությունը դարձյալ մեկ շաբաթով հետաձգվել է:
«Դա էլ բերեց նրան, որ հիմա ամեն մեկս մի ձևով, միջնորդով պիտի խաղողն իրացնենք»,- ասում է Մհերը և հավելում, որ արդեն 4 տարի է՝ գյուղացու խնդիրներն ամեն օր ավելանում են, և լուծման դրականի հույս չկա:
«Եթե տարիներով հարցերը լուծում չեն ստանում, նշանակում է իրենք չեն կարողանում լուծել, պիտի դուրս գան այդտեղից, լուծող գտնվի, գա լուծի: Նախարարը պիտի ազնվություն ունենա ու ասի, որ չեմ կարողանում լուծում գտնել, պիտի գնամ, թող գա այն մարդը, ով կարող է»,- նշում է Մհերը:
Նրա խոսքերով՝ գյուղում ամեն տարի մարդիկ խաղողի այգիներ են քանդում: Միայն իրենց փողոցից խաղողագործները 2-3 հեկտար այգի են քանդել:
Մհերն ասում է, որ եթե խաղողը քանդի, պտղատու ծառեր տնկի, առնվազն 4-5 տարի պետք է, որ բերք ստանա: Սակայն, երաշխիք չունի, որ մի քանի տարի հետո մրգի իրացման խնդիր չի առաջանա:
«10 տարի առաջ այգի ենք հիմնել, 4-5 տարի է, որ լիարժեք բերքի է, հիմա չգիտենք, թե ինչ անենք: Ստացվեց, որ մենք անիմաստ ծախս ենք արել: Մայրս 70 տարեկան կին է, ամբողջ այգին մեր հետ միասին իր ձեռքերով է մշակում: Լավ, մարդու աշխատանքն իրենց հետաքրքիր չի՞, այդ կնոջ աշխատանքը հետաքրքիր չի՞: Ստացվեց, որ իրենց չենք հետաքրքրում»,- ասում է Մհերը:
Մհերի մայրը՝ Ռոզա Բալյանը, խաղող էր քաղում: Տեսախցիկը տեսնելով՝ գոգնոցն ուղղելով առաջ եկավ: «Մեղք ենք, այսքան տառապել ենք, գոնե 100 դրամով տանեն, բերքը չմնա: Այնքան երջանկացանք, որ հողերը մեզ տվեցին, բայց հիմա լացում ենք, որովհետև տանջանքներս չի գնահատվում»,- ասում է Ռոզա Բալյանը:
Մհերի այգուց քիչ հեռու ևս բերքահավաք էր: Մինչ կհասնեին այդ այգին, ճանապարհին այգին քանդելու մասին բարձրաձայն բղավում էր Ռուբեն Շիպակցյանը:
«Էս կռիվը մեզ հերիք չէ՞ր, խեղճանալը հերիք չէ՞ր: Ես 100 դրամով խաղող տամ, որ հետո ասեմ՝ շնորհակալություն, որ ջեբիս փողը տարաք: Ես էլ գնամ սահման պահեմ, որ ուրիշն ինձ թալանի՞: Այսպես երկիր չեն կառուցում»,- բորբոքված ասում է 61-ամյա Ռուբեն Շիպակցյանը: Պարզվում է՝ նրա հետ ևս պայմանագիրը խզել են մթերող կազմակերպությունները, և ստիպված պիտի 100 դրամով խաղողը հանձնի հարևան գյուղի բնակիչներից մեկին, որ նա տանի գործարանին հանձնի:
Քայլելով հասանք հերթական այգին, որտեղ խաղող էին քաղում: Մոտ 20 մարդ, դաշտի ճանապարհի եզրին, խոտերի վրա ծածկոց էին փռել և ընդմիջում էին անում: Այստեղ նույնպես մթերման պայմանագիր չունեին:
Քնարիկ Մարտիրոսյանն ասաց, որ այս տարի որոշել են այգին քանդել, քանի որ ամեն տարի դժվարությունների են ունենում, իրենց հետ պայմանագրեր չեն կնքում:
«Եթե պայմանագիր լինի, կոնկրետ օրը, ժամին տանենք հանձնենք, չենք դժվարանա, խաղողը լավ բան ա, ես էլ հավեսով աշխատում եմ»,- նշեց տիկին Քնարիկը:
Որոշել է խաղողը քանդել պտղատու ծառեր տնկել: Սակայն, պետք է 4-5 տարի սպասեն մինչև տնկիները բերքատու ծառ դառնան:
«5 տարի հետո էլ կարող է մրգի իրացման հարց լինի ու ստացվում է՝ ընկել ենք երկու քարի արանքը, չգիտենք՝ ինչ մշակենք, որ ապրենք»,- հավելեց Ք. Մարտիրոսյանը:
Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Զարուհի Սարիբեկյանը «Հետք»-ին փոխանցեց, որ գործարանը նախորդ տարվա համեմատ ավելացրել է մթերման ծավալները՝ պահպանելով գինը՝ 1 կգ-ի համար վճարելով 155 դրամ: Այս տարի խաղողի մթերման ընդհանուր ծավալը կգերազանցի 20 հազար տոննան, ինչն ավելին է, քան արտադրության համար անհրաժեշտ ծավալը:
Զարուհի Սարիբեկյանը չի ընդունում գյուղացիների այն պնդումը, թե իրենց հետ պայմանագրերը խզվել ու դուրս են մնացել մթերման գործընթացներից: Ինչ վերաբերում է պայմանագրերի կրճատմանը, Զ. Սարիբեկյանը նշեց, որ խոսքը գնում է ոչ թե պայմանագրերի խզման, այլ մեկանգամյա պայմանագրերի մասին:
«Հազարավոր պայմանագրերի մեջ դրանք աննշան մաս են կազմում»,- ասում է Զ. Սարիբեկյանը՝ հավելելով, որ պայմանագրեր չեն կնքվել այն տնտեսվարողների հետ, որոնք չեն պահպանել մթերման գործընթացները:
«Հաշվի առնելով սոցիալական բնույթի բազմատեսակ գործոններ, յուրաքանչյուր տարի ընկերությունը կնքում է նաև նոր պայմանագրեր՝ նոր խաղողագործների հետ»,- հավելեց Սարիբեկյանը:
Մեկնաբանել