
Երբ մեկնում ենք հանգստանալու, դրամն արժեզրկվում է
«Դոլարի արժևորումը սեզոնային բնույթ ունի»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը:
Տնտեսագետը նշեց, որ սովորաբար գարնան վերջում Հայաստանում դոլարի նկատմամբ պահանջարկը բարձրանում է, քանի որ այն անհրաժեշտ է արտերկրում իրենց ամառային հանգիստն անցկացնել պատրաստվող մեր համերկրացիներին. հուլիսից դոլարի փոխարժեքը կրկին կնվազի:
Դոլարի արժևորումը և դրամի արժեզրկումը պայմանավորված են նաև արտաքին գործոնով. 4 շաբաթ է, ինչ նավթի գինն ընկնում է միջազգային շուկայում:
Բանախոսի անցկացրած փոքրիկ տնտեսագիտական էքսկուրսի արդյունքում պարզ դարձավ, որ շուկայական հարաբերությունների չգրված օրենքի համաձայն՝ դրամի արժեզրկումը կարող է խթանել մեր երկրի տնտեսության զարգացմանը, քանի որ Հայաստանից արտահանված ապրանքները միջազգային շուկայում դառնում են ավելի էժան ու մրցունակ:
Մնացականյանը չբացառեց, որ այդպիսի նկատառումներ կարող է ունենալ նաև ԱՄՆ-ը, որը նույնպես արտահանող երկիր է ու բնականաբար կցանկանար իր ապրանքները հնարավորինս մատչելի դարձնել դրսի սպառողին:
Մեկնաբանել