
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի կնքման համապարփակ առաջարկները. Մարիա Զախարովա
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համապարփակ առաջարկները։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 6-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին, ինչպես մենք հայտնել ենք, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մի քանի այց է կատարել տարածաշրջան՝ այդ թեմայով խորհրդակցությունների համար»,- հայտարարել է Զախարովան։
Միաժամանակ, նա աննպատակահարմար է համարել խաղաղության վերաբերյալ բանակցությունների մանրամասների մեկնաբանումը՝ նշելով, որ Մոսկվան միտված է արդյունքի: «Մենք չենք զբաղվում ինչ-որ հատուկ գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա, մենք հակառակն ենք անում։ Մենք պատմում ենք այն մասին, ինչ հնարավոր է եղել անել։ Նկատի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի մեծ զգայունությունը՝ մենք աննպատակահարմար ենք համարում մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները<...> Այդուհանդերձ, մենք միտված ենք արդյունքի»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ խոսնակի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի վերաբերյալ արևմտյան մոտեցումներին, ապա, մեր կարծիքով, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն, իսկ որոշ արևմտյան միջնորդների դերի մասին, անկեղծ ասած, նույնիսկ չեմ ուզում խոսել, քանի որ անհնար է նրանց խաղաղության միջնորդ անվանել»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ, Զախարովան նշել է, որ Մոսկվայի մոտեցումը հստակ է։ «Մենք հասկանում ենք, որ աշխարհաքաղաքականությունը ենթադրում է նաև խաղի, մանևրելու տարրեր, բայց մենք դեմ ենք աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են իրավիճակի վտանգավոր ձախողման։ Մենք պատրաստ ենք աջակցել այն ջանքերին, որոնք տանում են շոշափելի դրական արդյունքների, իսկ դրական արդյունքը իրադրության կայունացումն է, և դրա համար մենք միջնորդական դեր ենք կատարում, ամեն ինչ արել ենք եռակողմ համաձայնագրերի մշակման ու կնքման համար և, ամենակարևորը, միտված ենք դրանց իրականացմանը»,- հայտարարել է նա։
Լուսանկարը՝ Спутник գործակալության
Մեկնաբանել