
Կարեն Անդրեասյանը պատասխանեց իշխանական պատգամավորների «մեղմ» հարցերին
Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն Ազգային ժողովում հարցեր են ուղղում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանին: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում արտահերթ նիստին: Հերթագրվել է 9 պատգամավոր:
Պատգամավոր Գևորգ Պապոյանը Կարեն Անդրեասյանից «1-2 կոնկրետ անելիքից» հետաքրքրվեց, որ ընտրվելու դեպքում անմիջապես անելու է: Նշենք, որ իր հիմնական ելույթում Կարեն Անդրեասյանը որևէ ծրագրի մասին չխոսեց, այլ սահմանափակվեց իր երազանքների` արդար դատարան ունենալու մասին` առանց որևէ քայլ նշելու, ինչպես նաև արդար գործելուց՝ դարձյալ չմանրամասնելով:
Կարեն Անդրեասյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ ԲԴԽ անդամը միայն մեկ անելիք ունի` քվեարկել արդար: Այդ նպատակով պետք է քվեարկել դատավորներին պատասխանատվության ենթարկելու, առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու և այլ հարցերում:
«Ես չեմ գնում, որ հայեցակարգային կամ քաղաքականություն մշակող կամ որևէ օրենսդրություն մշակող դերակատարում ստանձնեմ: Պարզ է՝ իմ կարծիքն ազդելու է որոշակի իմաստով այդ գործընթացների վրա, բայց դա էլ է քվեարկության ձևով լինելու»,- նշեց Կ. Անդրեասյանը:
Թեկնածուն նշեց, որ ԲԴԽ-ում մի քանի «շատ արդար մարդիկ» սպասում են, որ «արդար ձայների քանակն այնտեղ ավելանա»:
«Ես գնում եմ դառնալու այդ մեկ ավել ձայնն այն կշեռքում, որը կշռելու է դեպի արդարություն: Սա է իմ առաքելությունը կամ խոստումը ձեզ»,- ասաց Անդրեասյանը:
Գևորգ Պողոսյանը, թեև հայտարարեց, որ ընտրելու է Կարեն Անդրեասյանին, սակայն պահանջեց էլ ավելի բացել թեման: Պատգամավորը նշեց, որ նախարար եղած ժամանակ տարբեր գրություններ է ուղարկել ԲԴԽ-ին, ուստի հետաքրքրվեց, կարող է նշել 1-2 դեպք, որ նոր նախարարն ուղարկեր, իսկ Անդրեասյանն «արդար որոշում կայացներ» կամ արդարությունը վերականգնվեր, երբ «արդար մարդիկ շատ լինեն»:
Կարեն Անդրեասյանը դարձյալ խուսափեց կոնկրետ պատախանելուց: Նշեց՝ քանի որ ուզում է, որպեսզի լինի նման դեպք, երբ արդարությունը կվերականգնվի, հետևաբար չի նշի դեպքեր` հետագայում չկաշկանդվելու համար:
Թեկնածուն նշեց, որ համակարգի հետ կապված կա հսկայական ասելիք և անելիք` դատարանների գերծանրաբեռնվածությունից մինչ դատավորների որոշակի խմբավորումներ, որոնք փորձում են պահպանել յուրային, ոչ յուրային տրամաբանությունը:
«Կան դատավորներ, որոնք հիմա ինձ համարում են դատական համակարգի համար ոչ յուրային, և ես գնալու եմ նաև ապացուցելու, որ չի լինելու, իմ կարծիքով յուրային-ոչ յուրային, և մենք բոլորս լծվելու ենք մի աշխատանքի` մաքրել դատական համակարգն անարդարություններից»,-ասաց Կ. Անդրեասյանը:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանը, դիմելով թեկնածուին, ասաց, որ կան դատավորներ, ովքեր թյուր պատկերացում ունեն խտրական վերաբերմունքից պաշտպանված լինելու, ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության իրավունքի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ և այլն: Պատգամավորը հետաքրքրվեց, թե այդ խնդիրների լուծման համար ինչ քայլեր պետք է ձեռնարկվի:
Կարեն Անդրեասյանը նշեց, որ պետք է թեթևացնել դատավորների ծանրաբեռնվածությունն այնքան, որ իրենք ինքնակրթման գոնե մի փոքր ժամանակ ունենան: Բացի այդ, կառավարության ծրագրում հստակ դրված է մասնագիտացված դատարանների ստեղծման հարցը:
«Կա երրորդ ասպեկտը: Շատ հաճախ հարցը կրթվածությունը չէ, տեղեկացվածությունը չէ: Շատ հաճախ դատավորի բարեվարքությունն ու ներքին մոտեցումն է խնդիրը: Այս դեպքերում մենք պետք է ունենանք կարգապահական պատասխանատվության հստակ միջոցներ»,-պատասխանեց Կ. Անդրեասյանը:
Պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ հետաքրքրվեց ուշացած վճիռների կայացման դեպքերով: Ըստ նրա, երբեմն վճիռները հնարավոր է կայացնել շատ արագ, մինչդեռ տարիներով ձգվում է:
ԲԴԽ անդամի թեկնածուն դատական համակարգի «ամենամեծ խոցը» որակումը տվեց բարձրացված հարցի բովանդակությունը: Ըստ Անդրեասյանի, եթե 2013թ. դատական համակարգի ամենամեծ խոցը համատարած կաշառակերությունն է եղել, այժմ` համատարած ուշացումները, որոնց «զոհն» են դառնում նաև դատավորները:
«Դատավորներն այնպիսի խայտառակ գերծանրաբեռնվածությամբ են աշխատում, որ հաճախ, իսկապես օբյեկտիվ են իրենց ուշացումները»,- նշեց Անդրեսայանը` կարևորելով տարանջատել, թե որն է ուշացումը, որը` սուբյեկտիվիզմն ու «կոռուպցիոն խաղը»:
Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ևս ուրախ էր Անդրեսայանի թեկնածության համար: Նա հետաքրքրվեց ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Կարեն Անդրեասյանի 2013թ. զեկույցից, որտեղ նկարագրված էին դատավորների կոռուպցիոն սխեմաները, կաշառքի գումարի չափերը: Պատգամավորին հուզում էր, թե 2013թ.-ից հետո ինչ է փոխվել դատական համակարգում:
Անդրեասյանը նշեց, որ որոշակի տեղաշարժեր եղել են, և վաղուց կաշառքը չէ դատական համակարգի «ամենամեծ խոցը»:
«Չեմ ասում կաշառքը վերացել է, ասում եմ, որ դա համատարած չէ: Այլևս դատական համակարգը սուպերմարկետ չի հիշեցնում»,- ասաց Անդրեասյանը` հավելելով, որ 70-80 տոկոսով մաքրվել է դատական համակարգը:
Գործարար ոլորտում հայտնի, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ անկախ կարող է լինել օրինակ ԲԴԽ-ն, բայց դատարանը պետք է լինի արդար: Պատգամավորը նշեց, որ տարիների ընթացքում տեսել են, թե դատավորներն ինչ գործեր են քննել, ինչպես են քննել և ինչ որոշում են կայացրել:
«Ես ուզում եմ՝ դուք լինեք անկախ, դատարանները լինեն արդար: Կարծում եմ քաղաքական համակարգի թիվ մեկ խնդիրը պետք է լինի կանգնել ձեր կողքին, այդ համակարգի կողքին, որպեսզի բարեփոխումները մինչև վերջ իրականացնենք»,- նշեց Խ. Սուքիասյանը:
Պատգամավորների ելույթներն ավարտվեցին, Կարեն Անդրեասյանը հրաժարվեց եզրափակիչ ելույթից:
Մեկնաբանել