
Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սուվերեն տարածքի վրա ուղեկցվել է գույքի հափշտակություններով և թալանով
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում մտահոգություն հայտնեց, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սուվերեն տարածքի վրա ուղեկցվել է նաև մեր քաղաքացիների գույքի հափշտակություններով և թալանով: Պատգամավորը նշեց, որ որոշ չափով գույքագրվել են այդ վնասները: Միայն Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղում մի քանի տասնյակ մարդիկ կորցրել են իրենց խոշոր և մանր եղջերավոր անասուններին, որոնք հափշտակվել են ադրբեջանցիների կողմից:
Արմեն Խաչատրյանը նշում է, որ մի շարք ընտանիքների դեպքում անասնապահությունը եկամուտի միակ աղբյուրն է, ուստի, հետաքրքրվեց, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվում այդ գույքային վնասները փոխհատուցելու ուղղությամբ:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Նրա տեղեկացմամբ` կառավարությունը մի շարք ծրագրեր ունի` աջակցելու Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներին, մարզերին, այս դեպքում` Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերին:
Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ մարզպետարաններին գումար հատկացվել է, քաղաքաշինական աջակցություն ևս նախատեսվում է այն քաղաքացիների համար, որոնց գույքը վնասվել է:
Մեկնաբանել