
ՀԲ. 2022-ին Հայաստանում 7% տնտեսական աճ կգրանցվի
Համաշխարհային բանկի նոր կանխատեսումներով 2022-ին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 7%։ Կառույցը հրապարակել է Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը (աշուն, 2022):
Հունիսին Համաշխարհային բանկը 2022 թվականին Հայաստանի համար 3.5% տնտեսական աճ էր կանխատեսում։ Այդպիսով, նոր գնահատականներով այն 3.5 տոկոսային կետով բարձրացել է։
Ինչպես նշված է զեկույցում, Հայաստանում տնտեսական աճին նպաստել են Ռուսաստանից դրամական փոխանցումներն ու այցելությունները։
Իսկ որպես տնտեսության վրա ազդող բացասական և ռիսկային գործոններ նշվում են սահմանային լարվածությունն ու գնաճային ճնշումները։
Գնահատվում է, որ Հայաստանի տնտեսությունը տարվա սկզբում սպասվածից ավելի լավ միտումներ է գրանցել։ Սպասվում էր, որ այս տարվա փետրվարից սկսված ռուս-ուկրաինական պատերազմը բացասաբար կազդի Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով Հայաստանի ամուր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ։ Սակայն, ռուսաստանցիների հոսքը դեպի Հայաստան և Ռուսաստանից տրանսֆերտները նպաստել են, որ տնտեսությունն աճի։ Թե որքան դա կշարունակվի, չի կանխատեսվում։
Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 11%, որը պայմանավորված է ծառայությունների և մասնավորապես՝ զբոսաշրջության, ֆինանսների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում գրանցված աճով։
Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ արդեն 2023 թվականից տնտեսական աճը կդանդաղի ու կկազմի 4.3%, հաջորդող տարում՝ 5.2%։
Մեկնաբանել