
Քաղաքացին պատմում է Սուքիասյանների կողմից տարիներ շարունակ իրենց պատճառված անհարմարությունների մասին
Սամվել Վարդանյանը «Հետք»-ին դիմել է այն բանից հետո, երբ հույսը կորցրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունները կհատուցեն իրեն պատճառված վնասը։
Նա պատմում է Սուքիասյանների բիզնեսների պատճառով իրենց պատճառված անհարմարությունների, ինչպես նաև «Սիլ պլազայի» կառուցման ժամանակ թույլ տրված քաղաքաշինական նորմերի խախտումների մասին։
Ոստիկանության նախկին աշխատակից Սամվել Վարդանյանն ընտանիքի հետ բնակվում է Երևան քաղաքի Աբովյան 1/1 հասցեի երկհարկանի շենքի բնակարաններից մեկում։ Նշված շենքը գտնվում է Աբովյան և Արամի փողոցների հատման մասում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի հետնամասում։ Երկհարկանի շենքն ավելի վաղ է կառուցվել, քան «Սիլ պլազան»։
Աբովյան 1/1 շենքի 2 սենյականոց բնակարանը խորհրդային տարիներին պատկանել է Սամվել Վարդանյանի կնոջ ընտանիքին, հետագայում որպես ժառանգություն փոխանցվել է կնոջը՝ Էռնա Ղուկասյանին։ Ամուսիններին հանդիպեցինք իրենց բնակարանում, իսկ մինչ տուն մտնելը մի պահ կանգ առանք Աբովյան 1/1 շենքի ներքին բակում, որտեղ մուտք կարել է գործել միայն Աբովյան փողոցից՝ ցածր դալանով։ Երկհարկանի շենքի ներքին բակին երեք կողմից նայում է փայտյա և երկաթյա կոնստրուկցիաներով կառուցված բաց պատշգամբը (վերանդա)։ Բակի վրայով անցնում են լվացքի պարանները և հոսանքի լարերը, իսկ շենքի գրեթե բոլոր կողմերից օդափոխության խողովակները բարձրանում են տանիք՝ տգեղ տեսք հաղորդելով առանց այն էլ անշուք դարձած երբեմնի գեղեցիկ բակին։
Սամվել Վարդանյանը ցույց է տալիս իրենց տուն տանող բաց պատշգամբի թեքությունը և նշում, որ այն թեքվել է, քանի որ Սուքիասյաններին պատկանող առաջին հարկի տարածքում տարիներ առաջ ինքնակամ շինարարություն են իրականացրել։ Երկու սենյականոց բնակարանի պատուհաններն այժմ նայում են դեպի շենքի ներքին բակ, իսկ տարիներ առաջ Արամի փողոցին նայող պատուհաններ ունեին։ Այդ ժամանակ դեռ չէր կառուցվել «Սիլ Պլազան»։ Հիշեցնենք, որ «Սիլ պլազան» կառուցվել է Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում գոյություն ունեցած 1 հարկանի շինության տեղում և մեկ հարկ ավելացնելու արդյունքում։
Սամվել Վարդանյանի կինը՝ Էռնա Ղուկասյանը, հիշում է, թե ինչպես են իրենց բնակարանի՝ Արամի փողոցին նայող պատուհանները փակվել։ «Հայրս նոր էր մահացել, մամաս այստեղ էր ապրում, շատ ծանր էր տանում, տարանք մեր մոտ։ Հարևանուհին զանգեց, ասեց՝ շենքը սարքել են, եկեք՝ տեսեք։ Մամաս շինարար էր, ասում է՝ նորմերը խախտել եք, ասում են՝ ոչինչ, մայրիկ ջան, այդպես էլ է լինում։ Սարոն (Սարիբեկ Սուքիասյան, հեղ.) եկավ, բա՝ մայրիկ ջան, այսպես չի մնա»,- պատմում է Էռնա Ղուկասյանը։ Սամվել Վարդանյանն էլ, շարունակելով պատուհանների փակման պատմությունը, նշեց, որ սեփական տան պատուհանները փակելուն դեմ լինելու պատճառով այդ տարիներին ոստիկանությունում ունեցած աշխատանքը կորցնելու վտանգի առաջ է կանգնել, սակայն նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի ջանքերով չի կորցրել աշխատանքը։ Ըստ Սամվել Վարդանյանի, «Սիլ կոնցեռնի» կազմի մեջ մտնող ընկերություններից մեկի աշխատակիցն իր դեմ հաղորդում էր տվել, թե իբր բռնություն է գործադրվել իր նկատմամբ։ Վարդանյանի գնահատմամբ՝ այդկերպ փորձել են ճնշել իրեն, որպեսզի չբողոքի խախտումներով իրականացվող շինարարության դեմ։ Իսկ իրականում ոչ մի բռնություն էլ չի գործադրել։
Սամվել Վարդանյանի խոսքով, հետագայում Սուքիասյանները տիրացել են երկհարկանի շենքի նկուղային տարածքներին՝ այդ թվում իրենց կողմից օգտագործվող նկուղի մի մասին։ Երկարատև բանակցություններից հետո, ըստ բնակչի, կարողացել են 12քմ նկուղի կեսը՝ 6քմ-ն պահել իրենց՝ պայմանով, որ «Սիլ կոնցեռնը» կնորոգի իրենց պատշգամբը, որը թեքվել է։ Հետագայում «Սիլ պլազայի» օդորակիչները և նկուղային հարկում տեղադրված ջրի պոմպի աղմուկն է գլխացավանք դարձել։ Աղմուկը բնակիչների բողոքների արդյունքում «լռեցվել է»՝ դադարեցվել է սարքերի աշխատանքը։
Մեր այն հարցերին, թե ինչո՞ւ են իրենց պատճառված անհարմարությունների մասին որոշել բարձրաձայնել 20 տարի հետո, Սամվել Վարդանյանը պատասխանեց՝ գրեթե ամեն տարի բանակցել են, որ իրենց պատշգամբը նորոգեն, հետագայում Սուքիասյանները փորձել են իրենց տունը գնել, ապա որպես փոխհատուցում իրենց այլ տուն տալ, սակայն մինչ օրս տրված խոստումները չեն կատարվել։ Ըստ նրա, որպես փոխհատուցում Սարյան փողոցում տուն են առաջարկել, բայց հետո այնքան են ձգձգել հարցը, որ պատճառված վնասի մասով բողոքարկման դեպքում վաղեմության ժամկետներն անցնեն, իսկ հետո փոխհատուցման հարցը օրակարգից հանել են։ Սամվել Վարդանյանի խոսքով, հետագայում օդորակիչների և ջրի պոմպի աղմուկի պատմությունն է եղել։ Վերջին անգամ Սուքիասյանների հետ անհաջող բանակցության փորձ է եղել 2022 թ.-ի հուլիս ամսին։
Սամվել Վարդանյանի բարձրաձայնած հարցերի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և նրա եղբայրներին պատկանող «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ից։ Մեր գրավոր հարցերին պատասխանեց ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Մկրտչյանը։ Նրա խոսքով, Աբովյան փողոցի 1/1 շենքի բնակիչ Սամվել Վարդանյանին ինքը ճանաչում է 2020 թ.-ից, իսկ ծանոթության առիթը եղել է այն, որ Վարդանյանը «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ին առաջարկել է գնել իր բնակարանը, որի համար շուկայականից բարձր գին էր սահմանել։ ՍՊԸ-ի տնօրենը մեզ հայտնել է նաև, որ նույն շենքի առաջին հարկում գտնվող իրենց ռեստորանում վերջին 10 տարվա ընթացքում շինարարություն չի իրականացվել:
«Իսկ եթե Սամվել Վարդանյանը դիտարկում է այն հարցը, որ մեր կողմից իր բնակարանին հասցվել է որևէ նյութական վնաս, ապա նա կարող է դատարանի միջոցով պնդել իր դիրքորոշումը։ Եթե դատարանը կգտնի մեր մեղքի բաժինը, ապա մենք պատրաստ ենք մեր ուժերով վերականգնել ենթադրյալ մեր կողմից հասցված վնասը»,- իր պատասխանում գրել է «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Մկրտչյանը։
Քանի որ Աբովյան 1/1 շենքի բնակիչը խնդրի վերաբերյալ դիմել էր նաև Երևանի քաղաքապետարան, փորձեցինք պարզել, թե ի՞նչ ընթացք է տրվել քաղաքացու դիմումին, որտեղ նա բարձաձայնել է քաղաքաշինական խախտումների մասին։
Երևանի քաղաքապետարանից ստացված մեր հարցման պատասխանում ասված է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից ուսումնասիրվել են քաղաքացու դիմումում բարձրացված հարցերը, որոնց արդյունքում վերջինիս տրվել է պատասխան և առաջարկվել է բարձրացված հարցերը քննարկել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հետ կամ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ հարցի կարգավորման համար դիմել դատարան, քանի որ բարձրացված հարցերը, ինչպես նշել է նաև դիմումատուն, ունեն տարիների վաղեմություն:
«Ըստ այդմ, դրանց վերաբերյալ վարչարարություն իրականացնելու և համապատասխան վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու ժամկետները անցել են, բացի այդ, դիմումում նշված հարցը վերաբերում է սեփականության իրավունքով գրանցված գույքի վրա իրականացված կառուցապատման հետևանքով պատճառված անհարմարություններին, հետևաբար, օրենքով սահմանված կարգով, նմանատիպ վեճերը ենթակա են լուծման՝ սեփականատերերի փոխադարձ համաձայնությամբ կամ դրանք ձեռք չբերելու դեպքում՝ դատական կարգով: Նաև նշենք, որ Երևանի քաղաքապետը նմանատիպ դեպքերում իրավական ակտ (քանդման որոշում) ընդունելու լիազորություն չունի»,- նշված է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության մեզ ուղարկած պատասխանում։
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել