
Տոյվո Կլաարը դատապարտել է սեպտեմբերյան մարտերի ժամանակ հայ գերիների գնդակահարության կադրերը
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դատապարտել է այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման ժամանակ հայ գերիների գնդակահարության կադրերը։
«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, որտեղ երևում է հայ գերիների գնդակահարությունը։ Եթե այս կադրերը հաստատվեն, այդ դեպքում սա ակնհայտ ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները՝ պատժվեն»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է եվրոպացի պաշտոնյան՝ չնշելով, սակայն, որ հանցագործության հեղինակները ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներն են։
Another horrible video has emerged of Armenian prisoners of war apparently being executed. If this video is proven to be authentic then this is a war crime that needs to be investigated and the perpetrators punished.
— Toivo Klaar (@ToivoKlaar) October 2, 2022
Արդեն երկրորդ օրն է՝ համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերեվարված զինվորականներին՝ ինքնաձիգից կրակ արձակելով նրանց ուղղությամբ։ Տեսանյութն ակտիվորեն տարածվում է տելեգրամյան ալիքներով։ Այն տարածում են նաև արտասահմանցի լրագրողները։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտարարել է, որ տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չի կարող, իսկ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը։ «Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է»,- Արմենպրեսի հարցին ի պատասխան հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակը։
Մեկնաբանել