
3 մլրդ 61 մլն դրամ՝ Սյունիքում և Տավուշում 34 կմ ճանապարհ կառուցելու համար
Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջակեց վերաբաշխում կատարել 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում եւ փոփոխություններ Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ ու գնման պայմանագրերում՝ ընդհանուր 34 կմ-անոց 4 ճանապարհահատվածի համար եւ հատկացնել 3 մլրդ 61 մլն դրամ։
«Մեկը Տաթև-Աղվանի հայտնի ճանապարհի երեք կտորներից մեկն է, որտեղ հասկանալի պատճառներով որոշում է կայացվել տեղադրել երրորդ շերտ, որ ճանապարհը կարողանա ծառայել նաև բեռնատար մեքենաներին։ Այսինքն՝ մենք ծրագիրն ընդլայնում ենք և երրորդ շերտ ենք տեղադրում, որը նախապես ծրագրված չէր։ 13 կմ այդ հատվածն է, և այս աշխատանքները հոկտեմբեր ամսին կավարտվեն»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ հաջորդ հատվածը կրկին վերաբերում է Տաթև-Աղվանի ճանապարհին. «Վերին Խոտանան գյուղի հատվածում մենք շրջանցիկ ճանապարհ ենք կառուցում, որտեղ հիմա երկրորդ փուլն է, մրցույթը հայտարարել ենք, շինարարական ընկերությունն ունենք, որը պետք է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնի։ 11 կմ է ճանապարհը»։
Երրորդը Քաջարանից դեպի Մեղրի ճանապարհահատվածն է՝ 8․2 կմ, որի հիմնանորոգման աշխատանքները նույնպես այս տարի կավարտվեն։ «Եվ չորրորդը՝ Տավուշի մարզում 1․7 կմ Քոլագարի-Ճամբար կոչվող հատվածն է, որտեղ գումար ենք հատկացնում։ Ընդհանուր առմամբ՝ 3 մլրդ 61 մլն է, որից 45 մլն-ը տեխնիկական հսկողության համար է, մնացածը՝ շինարարության»,- զեկուցեց ՏԿԵ նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց նախարարին` արդեն կատարված աշխատանքների համա՞ր են վճարելու, թե ընթացիկ աշխատանքների։ Գնել Սանոսյանը պատասխանեց, որ 4-ից երեքը կավարտեն, մեկը կշարունակեն։
Փաշինյանը հետաքրքրվեց նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությամբ։ Նախարարը հայտնեց, որ շինարարությունն ընթացքի մեջ է, սակայն խնդիրներ ունեն և նախատեսված ժամանակահատվածում մեկ հատվածը կհասցնեն կառուցել, մյուսը՝ ոչ։ Իսկ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի կառուցման աշխատանքները, ըստ նախարարի, բավականին լավ տեմպով ընթանում են, և եթե եղանակային պայմանները պահպանվեն, գրաֆիկից առաջ կընկնեն։
Կառավարությունն առանց դեմ ձայների որոշումն ընդունեց։
Մեկնաբանել