
Արմավիրի տարածաշրջանային քոլեջում գործադուլը շարունակվում է. դասախոսները հանդիպել են նախարարին
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում կրքերը չեն հանդարտվում, սեպտեմբերի 8-ից մինչ օրս դասախոսական կազմը գործադուլ է հայտարարել՝ պահանջելով քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 16-ին գրություն է ուղարկել դասախոսներին՝ հորդորելով ուսումնական հաստատությունում կազմակերպել և իրականացնել բնականոն ուսումնական գործընթաց: Նախարարի տեղակալը զգուշացրել է, որ աշխատանքի չվերադառնալու դեպքում քոլեջի աշխատակիցները կենթարկվեն կարգապահական տույժի՝ աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Աշխատակիցներն այդ գրությունն ընկալել են որպես սպառնալիք:
Քոլեջի մի խումբ աշխատակիցներ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալ Սուսաննա Մարգարյանը, դասախոս Աշոտ Գրիգորյանը և այլք, պատախանել են նախարարի տեղակալին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով քոլեջում կատարվող անօրինականությունների վրա, ինչը, ըստ դասախոսների, ենթադրում է տնօրեն Արշակյանի հրաժարականը:
Ժաննա Անդրեասյանի՝ քոլեջի աշխատակիցներին ուղղված գրության մեջ նշված էր, թե քոլեջի աշխատակիցների գործադուլի հիմքը եղել է երկու աշխատակիցների աշխատանքից ազատումը, ինչին գրավոր հակադարձել են քոլեջի աշխատակիցները:
«Ձեր կողմից ուղարկված գրության մեջ կեղծ տպավորություն է ստեղծվում, որ կոլեկտիվի դժգոհության պատճառը երկու աշխատակիցների աշխատանքից հեռացումն է: Կարծում ենք՝ ճիշտ կլինի կարգապահական տույժ կիրառել տնօրեն Ա. Արշակյանի նկատմամբ, ով չի ներկայացել աշխատանքի 02.09.2022թ-ից մինչև 13.09.2022թ. և այդ ընթացքում կատարել է անօրինական գործողություններ»,-գրել են քոլեջի աշխատակիցները նախարարի տեղակալ Անդրեասյանին ուղղված գրությունում՝ հավելելով, որ նախարարությունն արդեն իրենց նկատմամբ կիրառել է՝ «նման մարդուն մեզ տնօրեն նշանակելով»:
Ժաննա Անդրեասյանի գրությանը հաջորդել է քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի գրավոր ծանուցումները՝ ուղղված գործադուլ հայտարարած աշխատակիցներին: Տնօրենը պահանջում է, որպեսզի աշխատակիցները սեպտեմբերի 26-ին մինչև ժամը 14-ը գրավոր բացատրություն ներկայացնեն՝ աշխատանքային պարտականությունները չկատարելու համար:
Քոլեջի աշխատակիցները ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 23-ին, հավաքվել էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց: Դասախոսներից մի քանիսին ընդունել է նախարար Վահրամ Դումանյանը՝ խոստանալով բարձրացված հարցերին ընթացք տալ:
Դասախոսները նախարարին դարձյալ ներկայացրել են քոլեջի տնօրեն Արշակյանի, աշխատակիցների բնորոշմամբ, անօրինությունների մասին:
Նշենք, որ դասախոսները դեռևս սեպտեմբերի 1-ին գործադուլ հայտարարելու վերաբերյալ գրություն էին պատրաստել, որպեսզի անձամբ փոխանցեն քոլեջի տնօրենին: Սակայն վերջինս քոլեջի տարածքում չի եղել և դասախոսներն այն փոխանցել են տնօրենի օգնականին: Դասախոսները պարզել են, որ օգնականը դասախոսների գործադուլ հայտարարելու մասին գրությունը չի փոխանցել տնօրենին:
Մեկնաբանել