
Դոլարը էժանանում է
Հայաստանյան արտարժույթի շուկան արձագանքում է Ռուսաստանից եկող մարդկանց և գումարների նոր հոսքին։
Հայաստանի բանկերում ու փոխանակման կետերում վերջին 2-3 օրերին դոլարը էժանանում է՝ նախորդ մեկ շաբաթվա բարձրացումից հետո։ Սեպտեմբերի 24-ի առավոտյան՝ 9:00-9:30-ի սահմաններում փոխանակման կետերում դոլարը վաճառվել է 418-420 դրամով, գնվել՝ 407-410 դրամով։
Տվյալները՝ rate.am-ի
Մինչդեռ երեք օր առաջ առքը 420 դրամի սահմաններում էր, իսկ վաճառքը՝ 430 դրամի։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ հայաստանյան արտարժույթի շուկան արձագանքում է ռուս զբոսաշրջիկների և գումարների նոր հոսքին։ «Նպաստել է Ռուսաստանում զորահավաքի հայտարարությունից հետո արձանագրված հոսքը»,- ասում է տնտեսագետը։
Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հեռուստաուղերձով և հայտարարել Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին։
Հայտարարությունից հետո կայծակնային արագությամբ սպառվեցին Մոսկվայից դեպի Երևան չվերթների ավիատոմսերը, և գները կտրուկ բարձրացան։
Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալների (ՀՀ ԿԲ)՝ սեպտեմբերի 23-ին մեկ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 416.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.77 դրամով։
Զուգահեռ նվազում է նաև եվրոն։ Սեպտեմբերի 23-ին միջին փոխարժեքը կազմել է 406.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով 6.53 դրամով։
Մինչ վերջին երեք օրերի էժանացումը, դոլարը հակառակ միտումներն էր գրանցում։ Սեպտեմբերի 13-ից, թշնամու կողմից Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին տեղեկություններից անմիջապես հետո այն սկսել էր թանկանալ։
Հայաստանի վրա հարձակումից առաջ դրամը դոլարի նկատմամբ շարունակաբար արժևորվում էր: Այս տարի դոլարը կտրուկ թանկացավ փետրվարի վերջից մինչև մարտի կես, որից հետո դրամը սկսեց ամրապնդել դիրքերը: Արդյունքում մարտից հետո դոլարը շուրջ 20%-ով էժանացել էր:
Մեկնաբանել