
Էնթոնի Բլինքենը Ալիևին հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է արել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում վերջինս ուժերի հրադադարի ռեժիմի պահպանման և ուժերի հետքաշման կոչ է արել։ Այդ մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղար Բլինքենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին մարտական գործողությունների դադարեցումը։ Նա նախագահ Ալիևին կոչ է արել հետևել հրադադարի ռեժիմին, հետ քաշել ռազմական ուժերը և աշխատել Հայաստան և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրների՝ խաղաղ բանակցությունների միջոցով լուծման ուղղությամբ»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։
Բլինքենն այդ մասին գրառում է արել նաև թվիթերյան իր միկրոբլոգում։
ԱՄՆ պետքարտուղարն ու Ադրբեջանի նախագահը վերջին անգամ հեռախոսազրույց էին ունեցել սեպտեմբերի 13-ին, որտեղ ամերիկացի պաշտոնյան հասցեական կոչ էր արել Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները ձգտելու է բախումների դադարեցմանն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Իրենց հայտարարություններում հայաստանցի պաշտոնյաները ևս նշում են, որ հրադադարը ձեռք է բերվել ամերիկյան կողմի միջնորդությամբ։
Փաստացի ԱՄՆ-ն հայտարարում է, որ վերջին լարվածության սադրիչը եղել է Ադրբեջանը։ Այդ տեսակետը նախօրեին Երևանում բացահայտ արտահայտեց նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ դատապարտելով Ադրբեջանի հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա։
Մեկնաբանել