
Ռայիսին՝ Էրդողանին. «Իրանը դեմ է պատմական սահմանների ցանկացած փոփոխության»
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում Իրանի առաջնորդը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է Իրանի համար։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Ռայիսիի պնդմամբ՝ «Իրանը դեմ է հանդես գալիս պատեռնալիզմին և աջակցում է ինքնորոշմանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
Իրանի և Թուրքիայի առաջնորդները քննարկել են նաև Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները։ Իրանի նախագահն ընդգծել է.
«Իրանը ողջունում է Ղարաբաղի ազատագրումը և այդ տարածաշրջանը վերականգնելու պատրաստակամությունը, սակայն դեմ է հանդես գալիս միջազգային, պատմական և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության»։
Այս օրերին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթանում էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին բացի անդամ երկրների առաջնորդներից, մասնակցում էին նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները։ Դրա շրջանակներում տեղի էր ունեցել նաև Պուտին-Ալիև հանդիպումը, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե, իբր, «ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը չէին ցանկանում, որ լայնամասշտաբ պատերազմ լինի»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը կապված չէ Ղարաբաղի հետ։
«Վերջին սահմանային միջադեպը Ղարաբաղի հետ ընդհանրապես կապ չունի, այն բոլորովին այլ
տարածաշրջանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել էր Պուտինը։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Շուրջ երկու օր տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, սեպտեմբերի 14-ի երեկոյան, Ադրբեջանը դադարեցրել էր ՀՀ ինքնիշխան տարածքի հրթիռահրետակոծումը։
Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին տվյալներով զոհերի հաստատված թիվը 135 է։ «Ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ։ Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասել էր Փաշինյանը։
Լուսանկարը՝ Իրանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել