
ՄԱԿ ԱԽ արտահերթ հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է ԱԽ-ի մանդատի իրացման անհրաժեշտությունը
Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի համաձայն:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի և առկա պայմանավորվածությունների ներքո իր պարտավորությունների կոպիտ խախտումների վրա։ Այդ առնչությամբ ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանի տարածքի օկուպացիային, ծանր զինատեսակների կիրառմամբ քաղաքացիական բնակավայրերի, մասնավորապես՝ Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի ու Սոթքի հրետակոծությանը, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և ավերածությունների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտմամբ Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարմանը:
Անդրադառնալով 2021թ. մայիսից ի վեր Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի ու 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների խախտմամբ Հայաստանի տարածքների նկատմամբ ուժի կիրառմանն՝ ընդգծվել է, որ վերջին հարձակումներն ի ցույց են դնում, որ պատասխանատվության ենթարկելու պատշաճ միջոցների բացակայության պարագայում ագրեսիվ քաղաքականությունը կարող է շարունակվել և ավելի ընդլայնվել։
ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիան իրականացվել է ընթացող բանակցությունների լույսի ներքո և ի հեճուկս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով տարբեր ձևաչափերում գործադրվող ջանքերին:
Դեսպան Մարգարյանն ընդգծել է ԱԽ կողմից միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր մանդատի իրացման անհրաժեշտությունը, և դիմելով անդամ երկրներին՝ կարևորել
- ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումը,
- պահանջը՝ անհապաղ և առանց նախապայմանների դուրս բերելու Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից և զերծ մնալու ագրեսիայի հետագա գործողություններից,
- ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի և եռակողմ հայտարարությունների ներքո իր պարտավորությունների հանձնառության լիակատար պահպանումը,
- ներգրավումը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում բոլոր հարցերի հասցեագրմանը, այդ թվում՝ կարգավիճակի հարցի հանգուցալուծմանը,
- բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ հայրենադարձման կոչը։
Մեկնաբանել