
Նիկոլ Փաշինյան. «Մեր դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է և ՀԱՊԿ-ը»
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարեց՝ քանի որ ընդդիմության ներկայացուցիչները ԱԺ դահլիճում չեն, ինքը կփորձի այդ բացը լրացնել:
Դիմելով վարչապետին՝ Լուսինե Բադալյանն ասաց, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, և եթե աշխարհում նման բան լինում է, ռազմական դաշնակիցն անմիջապես հասնում է օգնության:
«Այսօր մեր ժողովուրդը բացասական տրամադրություններ ունի, շատ նեգատիվ և չի հասկանում, թե ինչու այս պահին, երբ թշնամին ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, հայ զինվորը միայնակ կռվում թշնամու դեմ»,- ասաց պատգամավորը:
Նա, բացելով փակագծերը, նշեց, որ շատ են ստանում հեռախոսազանգեր, սոցիալական ցանցերում է հարցը քննարկվում, թե այսքանից հետո Հայաստանն ինչու դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից:
«Ով է մեր դաշնակիցը, և ինչու ենք այսօր միայնակ»,- վարչապետից հետաքրքրվեց Լ. Բադալյանը:
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, միանգամից նշեց, թե մեր դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը են:
«Չնայած այդ խոսույթը կա, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա տեղի ունեցած չի, բայց այնուամենայնիվ երեկվա նիստի ընթացքում մեր գործընկերների կողմից հնչել են հստակ գնահատականներ, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»,- ասում է Ն. Փաշինյանը:
Վարչապետի կարծիքով, եթե այդ ֆորմատով այդպիսի նախադասություններ են հնչում, դրանք չպիտի մնան անհետևանք: Այժմ գործարկվել է ընթացակարգ, որը, ըստ Փաշինյանի, պետք է ամեն ինչ անեն, որ հասնի իր տրամաբանական արդյունքին:
«Մենք չենք դիտարկում ռազմական միջամտությունը՝ որպես հնարավոր միակ սցենար: Կան քաղաքական, դիվանագիտական այլ մեխանիզմներ, գործիքներ»,- նշեց Ն. Փաշինյանը:
Մեկնաբանել