
Սպիտակ տուն. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չունի ռազմական լուծում
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չունի ռազմական լուծում, Վաշինգտոնը փոխգործակցում է Երևանի և Բաքվի հետ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք նախկինի նման խորապես մտահոգված ենք սահմանի երկայնքով հարձակումների շարունակման մասին հաղորդագրություններով, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության և հասցված զգալի վնասի վերաբերյալ։ Մենք ակտիվորեն փոխգործակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող ենք անել բռնության դադարեցման համար»,- ասել է նա։ Քիրբիի պնդմամբ՝ «դարձյալ պետք է հայտարարել, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»։
Ամերիկացի պաշտոնյան կոչ է արել իշխանություններին հրաժարվել ռազմական հետագա ցանկացած գործողություններից։ «Մենք նաև երկու կողմերին կոչ ենք անում վերականգնել կապի երկու ալիքները՝ դիվանագիտական և ռազմական ու կրկին վերահաստատել դիվանագիտական գործընթացին պատրաստակամությունը՝ ճգնաժամի հաղթահարման համար»,- հավելել է Քիրբին։
Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեական կոչ է արել՝ դադարեցնելու մարտական գործողությունները։ «Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել նախագահ Ալիևին կասեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրելու կռիվը անհապաղ դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ հանգուցալուծման հասնելու ուղղությամբ»,- նշվում էր ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Սպիտակ տան պաշտոնական կայքէջից
Մեկնաբանել