
Համո Սահյանի միակ կենդանի ժառանգը, նախագահականի ու կառավարության ընդունարանները և մշակույթի նախարարությունը
Նաիրի Սահյան. «Սա փակ դռների պետություն է»
2014թ. ապրիլի 14-ին լրանում է մեծ բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակը: Գրողի միակ կենդանի ժառանգը՝ Նաիրի Սահյանը, ով 7 տարի է, ապրում է ԱՄՆ-ում, 2011թ. հունիսին վերադարձել է Հայաստան, որպեսզի զբաղվի հոր 100-ամյակի միջոցառումների հարցերով և օգնի այդ գործում: Նաիրի Սահյանին հատկապես մտահոգում է այն, որ Երևանում մինչ այժմ չկան Համո Սահյանի ոչ արձան, ոչ էլ տուն-թանգարան: Նա ցանկացել է պետական պաշտոնյաների հետ քննարկել այդ հարցը:
2011թ. օգոստոսին Նաիրի Սահյանը նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր պաշտոնյաներից մեկին խնդրել է նախագահին հաղորդել, որ Համո Սահյանի միակ կենդանի ժառանգը ընդունելություն է խնդրում՝ հոր 100-ամյակի հետ կապված: Նաիրի Սահյանը չի ցանկանում, որ նշվի այդ պաշտոնյայի անունը, քանի որ նրան դիմել էր՝ որպես անձնական խնդրանք. ի պաշտոնե այդ պաշտոնյան պարտավոր չէր օգնել:
«Ասաց՝ «կփոխանցեմ», 2 ամիս տարավ-բերեց, ասաց՝ «չի լինելու», «չեմ կարող», «ես բացակայում եմ հանրապետությունից»: Ես չգիտեմ՝ ասել է, թե չէ, բայց ինձ թվաց՝ ասել է, նա չի համաձայնվել: Հոկտեմբերին՝ 2 ամիս խաբելուց հետո, մերժեց ինչ-որ մեկի միջոցով: Չհանդիպեց էլ ինձ»,- պատմում է գրողի որդին:
Դրանից հետո՝ 2011թ. հոկտեմբերին, Նաիրի Սահյանը գնացել է նախագահականի ընդունարան, ներկայացել, հարցրել, թե ինչ պետք է անի, որ հանդիպի նախագահին: Նախագահականում ասել են, որ նամակ պետք է գրի: Նա նամակ է գրել ու հանձնել նախագահականին, որտեղից ասել են, որ կզանգահարեն:
«Երկու հեռախոսի համար տվեցի և սկսեցի սպասել: Երկու ամիս սպասելուց հետո տեսա, որ ինձ զանգ չտվեցին, նորից գնացի ընդունարանի պետի՝ այդ կնոջ մոտ, ասացի, որ «2 ամիս է սպասում եմ, ձեր զանգը չկա»: «Դե, գիտեք, մակագրել ենք մի հատ ռեֆերենտի, որին նոր սենյակ են տվել, ինքը պիտի սենյակը ռեմոնտ անի, ռեմոնտ անելուց հետո ձեզ կընդունի»: Ես տեսա, որ ինձ էլի խաբում են: Հեռացա»,- պատմում է Նաիրի Սահյանը:
Այնուհետև նա ընդունելության է գնացել Սերժ Սարգսյանի ազգականներից մեկի մոտ, որի անունը ևս չի ուզում, որ նշվի: Ազգականն ասել է, որ չի կարող զանգահարել Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս նախագահ է, բայց հենց հանդիպի, կասի, որ Նաիրի Սահյանն ուզում է հանդիպել:
«Հետո էլի խաբեց 2-2,5 ամիս, հեռախոսին մոտեցավ-չմոտեցավ, «դեռ չեմ գնացել», հետո օգնականն էր վերցնում, հետո վարորդն էր վերցնում հեռախոսը և այլն: Ես զգացի, որ էդ մարդը չի անելու, նա էլ խաբեց»,- ասում է Նաիրի Սահյանը:
Դրանից հետո՝ 2012-ի սկզբներին, Նաիրի Սահյանը գնացել է կառավարության ընդունարան և հարցրել, թե ինչ կարգով է վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունում քաղաքացիներին: Ընդունարանում մի կին է նստած եղել, ով ասել է, որ «վարչապետը քաղաքացիներին չի ընդունում»: «Իսկ գյուղացիների՞ն»,- հարցրել է Նաիրի Սահյանը: «Առավել ևս»,- պատախանել է ընդունարանի կինը:
«Այսինքն՝ մարդ չի ընդունում: Էդ մարդիկ ապրում են դռների հետևում, որտեղ կանգնած են զինված մարդիկ, որպեսզի ժողովրդի հետ կապ չունենան: Մարդիկ, որոնք կոչված են ծառայելու ժողովրդին, բայց ամեն մեկը մի փոքր թագավոր է իր կաբինետում, ու մարդիկ, որոնք ոչ մի հարց չեն լուծում այս ազգի համար: Ես եկա և էս 10 ամսում համոզվեցի, որ միայն իրենց մոտիկ բարեկամների և իրենց հարցերն են լուծում նրանք: Սա փակ դռների պետություն է: 10 ամիս է՝ ինչի հանդիպեցի ես էստեղ. անտարբերության, կոպտության, խաբեության»,- ասում է Նաիրի Սահյանը:
Նա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին չի դիմել, քանի որ կարծում է, որ նախարարը հարցեր չի կարողանում լուծել. մեր աչքի առջև եկեղեցիներ են փլուզվում, Վրաստանում հայկական եկեղեցիներ են խլում, բայց ոչ ոք ոչինչ չի անում:
«Հարց լուծող անձնավորություն չի մշակույթի նախարարը: Էնպիսի բաներ չի կարողանում անել, որ ուղղակի լացդ գալիս է: Հիմա ինչ-որ մեկը եկել է, ԱՕԿՍ-ի շենքի հետևի մասը քանդել է, հյուրանոց է սարքում իր համար: Մշակույթի նախարարությունը համաձայնությունը տվել է, որ ԱՕԿՍ-ի շենքի (որը պատմական կառույց է) հետևի մասը փլուզեն: Էլ ես գնամ էդ նախարարի մոտ, ի՞նչ ասեմ: Ու ես հետաքրքրվեցի, որովհետև էլի ցավ ապրեցի. պրոյեկտ չունի էդ շենքը, որը կառուցվում է»,- ասում է Նաիրի Սահյանը:
Մշակույթի նախարարության բաժնի պետ. «Ուրեմն, ես քեզ ասեմ, որ եթե 2014 թվականին ա, հիմա էս պահի դրությամբ որևէ բան նախարարությունը չի կարող ասել»
«Հետքը» նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու նախագահականից մինչ այժմ պատասխան չի եղել Նաիրի Սահյանի՝ 2011թ. հոկտեմբերի նամակին: Մերի Հարությունյանը չկարողացավ ասել, թե ինչու:
«Ճիշտն ասած, ռեֆերենտը, ում մակագրված է եղել, վատառողջ է և հիվանդանոցում է հիմա: Մենք իր հետ էլ ենք խոսել: Էնպես որ, կարևորը հիմա, որ որևէ ձևով խնդիրը կլուծվի: Վաղը (մայիսի 25-ին - հեղ.) արդեն աշխատակազմի ղեկավարը կընդունի իրեն և կլսի»,- ասաց Մերի Հարությունյանը:
Նա չկարողացավ ասել՝ արդյոք հնարավո՞ր է, որ Նաիրի Սահյանին ընդունի նախագահը: Աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կխոսի գրողի որդու հետ, որից հետո գուցե կծրագրվի հանդիպումը նախագահի հետ, կամ խնդիրը հենց այդ մակարդակում էլ կլուծվի, և նախագահի հետ հանդիպման անհրաժեշտություն չի լինի:
Իմանալով, որ իրեն կանչում են նախագահական՝ Նաիրի Սահյանն ասաց, որ երկու անգամ արդեն գնացել է նախագահականի ընդունարան և մայիսի 25-ին կայանալիք հանդիպման հետ էլ հույսեր չի կապում: Նրան վրդովեցրեց այն, որ նախագահականից որոշեցին իր նամակին արձագանքել միայն ամիսներ անց, երբ «Հետքը» պարզաբանում խնդրեց:
Իսկ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը մեզ ասաց, որ առաջին անգամ է լսում կառավարության ընդունարանում Նաիրի Սահյանի հետ կատարվածի մասին: Բայց միաժամանակ Արամ Անանյանը հաստատեց, որ վարչապետն իսկապես չի ընդունում քաղաքացիների: Հարցին, թե այդ դեպքում ինչպես կարող էր Նաիրի Սահյանն իր խնդիրը հասցնել վարչապետին՝ մամուլի քարտուղարն ասաց. «Հավանաբար, նամակի տեսքով: Նամակում կարող էր հանդիպում խնդրել: Բայց քաղաքացիների ընդունելություն վարչապետը չունի»:
Երբ նշեցինք, որ Նաիրի Սահյանը վարչապետի հետ ուզում էր հանդիպել, որպեսզի Համո Սահյանի 100-ամյակին ընդառաջ՝ քննարկեր գրողի հուշարձանի և տուն-թանգարանի խնդիրը, Արամ Անանյանն ասաց, որ եթե չի սխալվում, հոբելյանական միջոցառումները ծրագրում և իրականացնում է մշակույթի նախարարությունը:
Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը, սակայն, «Հետքի» հետ զրույցում հարցրեց, թե Համո Սահյանի ո՞րերորդ ամյակն է լրանում 2014թ. ապրիլին:
«Ուրեմն, ես քեզ ասեմ, որ եթե 2014 թվականին ա, հիմա էս պահի դրությամբ որևէ բան նախարարությունը չի կարող ասել՝ ինչ է նախատեսվում, որովհետև սկզբում նախարարություն ներկայացնում են հայտեր և առաջարկներ, թե ինչ կարելի է անել, և էդ գրական ոլորտի արվեստագետները, մարդիկ, գրողները, գրականագետները ինչ կուզենային անցկացնել, ինչ ձևով նշել, հետո ստեղծվում է հանձնաժողով, որը քննարկում է այդ առաջարկությունները, և դրան համաձայն՝ ստեղծվում է ուրեմն ծրագիր, որը հետո էդ տվյալ հանձնաժողովը հաստատում է: Դրանից հետո նոր սկսում են իրականացվել, ասենք, միջոցառումները»,- ասաց Գայանե Դուրգարյանը:
Նա հավելեց, որ քանի որ խոսքը 2014 թ.-ին լրանալիք 100-ամյակի մասին է, ապա 2013 թ. կարող է ստեղծվել խումբ, որը կքննարկի ներկայացվելիք առաջարկությունները: «Էս պահի դրությամբ Համո Սահյանի 100-ամյակի առնչությամբ որևէ պատրաստի ծրագիր կամ միջոցառում չկա»,- ասաց Գայանե Դուրգարյանը:
Այսինքն՝ որպեսզի որևէ բան արվի, պարտադի՞ր պայման է, որ մշակույթի նախարարությանը առաջարկներով դիմեն գրողները, գրականագետները: Այս հարցին Գայանե Դուրգարյանը պատասխանեց. «Պարտադիր պայմանը դրա համար չի: Պարտադիր պայմանը նրա համար է, որ դիմեն նախարարությանը, որպեսզի հաշվի առնվի ոլորտի՝ գրողների և գրականագետների առաջարկությունները, որովհետև 100-ամյակի ժամանակ շատ տարբեր միջոցառումներ են»: Եվ անմիջապես հավելեց, որ այդ տարբեր միջոցառումներն անելու համար հարկավոր է հանձնաժողով:
«Ընդհանրապես բոլոր հոբելյանական հանձնաժողովները էդ ձևով են անում, ոչ թե նախարարությունը սպասում ա, որ եթե չդիմեն, այլ նորից սկսվում ա ցանկը, այլ հաշվի առնելով, որ ամեն մեկը իրա համար ինչ-որ մի բան չանի, արվի համակարգված, և բացի դրանից՝ արդեն երևա, թե պետությունը ինչ է անում, ինչ ֆինանսավորմամբ, պետական ֆինանսավորմամբ և ինչ կարող է, ասենք, անել մյուս ոլորտները, որպեսզի ամբողջովին և լիարժեք երևա և ներկայացվի տվյալ գրողը»,- ասաց Գայանե Դուրգարյանը:
«Համո Սահյանի 100-ամյակի դեպքում նախարարությունն ինքը ինքնուրույն ի՞նչ է ձեռնարկելու»,- հարցն առաջին անգամ լսելուց հետո Գայանե Դուրգարյանը չկարողացավ տիրապետել իրեն: «Ազիզ ջան, ես քեզ էսքան բան եմ ասում, որ դու ինձ նորից նույն հարցը տաս, թե Համո Սահյանի 100-ամյակի կապակցությամբ նախարարությունը ինքը ի՞նչ է ձեռնարկելու»,- ասաց մշակույթի նախարարության բաժնի պետը: Գայանե Դուրգարյանին հատկապես մտահոգեց այն, որ իրեն զանգահարած լրագրողը ձայնագրում է հարցազրույցը: Փաստորեն, մշակույթի նախարարության բաժնի պետի պահվածքն անմիջականորեն կախված է նրանից՝ լրագրողի ձայնագրիչը միացվա՞ծ է, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, միացված ձայնագրիչից մտահոգվելով հանդերձ՝ Գայանե Դուրգարյանը շարունակեց գործածել «ազիզ ջան» դիմելաձևը և նույն ձևով խոսել:
Նա նաև ասաց, որ կա մշակույթի նախարարի մոտ ընդունելության կարգ, և եթե Նաիրի Սահյանը, այդ կարգին համապատասխան, դիմի գրողի հուշարձանի ու տուն-թանգարանի հարցով, ապա ընդունելություն կկատարվի, և այդ հարցերը, բնականաբար, կքննարկվեն: «Դրա համար կա նաև Գրողների միություն, այլ կազմակերպություններ»,- հավելեց Գայանե Դուրգարյանը:
Նաիրի Սահյան. համերգներն ու երեկոներն անցողիկ են, իսկ հուշարձանն ու տուն-թանգարանը՝ Սահյանի պոեզիայի պես մնայուն
Նաիրի Սահյանի խոսքով՝ գուցե համերգներ, երեկոներ կամ այլ միջոցառումներ կազմակերպվեն 100-ամյակին նախորդող 2 ամսվա ընթացքում, բայց դրանք անցողիկ են, իսկ հուշարձանն ու տուն-թանգարանը՝ մնայուն, ինչպես Սահյանի պոեզիան:
Համո Սահյանի հուշարձան կա միայն ծննդավայր Սիսիանում: Հուշարձանը մոտ 10 տարի առաջ տեղադրվել է ռուսաստանաբնակ սիսիանցիների և ոչ թե պետության միջոցներով:
Համո Սահյանն ապրում էր Երևանում: Գրողի ստեղծագործական լավագույն տարիներին՝ 1960-73թթ., ընտանիքն ապրել է Կասյան փողոցում գտնվող գրողների շենքում: Ապա այդ տունը տվել են թարգմանիչ Լևոն Մկրտչյանին, իսկ Սահյանի ընտանիքին բնակարան են հատկացրել քաղաքի կենտրոնում՝ Թումանյան փողոցում:
Համո Սահյանը մահացել է 1993թ. հուլիսին: Նրա մահից հետո կինը և երկու որդիները, ծանր պայմանների պատճառով, վաճառել են տունը և 1-սենյականոց բնակարան ձեռք բերել: Այդ տարիներին ընտանիքն այնքան վատ է ապրել, որ արձանի կամ տուն-թանգարանի հարցը չի բարձրացրել: Նաիրի Սահյանին հատկապես ցավ է պատճառում այն, որ 1991-92թթ. հայրը վառում էր իր ձեռագրերի բնօրինակները, որ տաքանար:
2002թ. մահացել է Նաիրի Սահյանի մայրը, 2003-ին՝ միակ եղբայրը, ինչից հետո Նաիրի Սահյանը չի կարողացել աշխատանք գտնել, սպառնալիքներ է ստացել և իր ազգականներից մեկին է տվել 1-սենյականոց բնակարանը (ինչը մոր խնդրանքն էր) ու գնացել է ԱՄՆ:
«Հիմա ես էլ տուն չունեմ էստեղ: Ես 10 ամիս է եկել եմ, վարձով եմ ապրում: Ես ուզում եմ՝ տուն-թանգարան լինի: Որտեղ կլինի, ոնց կլինի՝ թող պետականորեն որոշվի: Եթե ես փող ունենայի, հիմա էս հարցերը լուծած կլինեի արդեն: Ես ուղղակի գումար չունեմ, թե չէ կգնայի տունն էլ կրկնակի գնով կվերցնեի, կսարքեի ինչ պետք է, թանգարան էլ կսարքեի, հուշարձան էլ կդնեի: Քաղաքի կենտրոնում հողերը սեփականացված են. փողը կտայի, կառնեի»,- ասում է Նաիրի Սահյանը:
Արձանի տեղը, ըստ էության կա. Ալեք Մանուկյան փողոցի՝ Երևանի պետական համալսարանի առջև գտնվող այգու սեփականատերը պատրաստակամ է տարածք հատկացնել արձանի համար: Բայց մնացած հարցերը՝ քաղաքապետարանի համաձայնությունը, արձանի ստեղծումը, ժամանակատար են և պետք է պետական մակարդակով լուծվեն:
Համո Սահյանի որդին ունի 2 ճանապարհ. վերադառնալ ԱՄՆ կամ մնալ Հայաստանում ու պայքարել
ԱՄՆ-ում Նաիրի Սահյանը հոգևոր-փիլիսոփայական ուղղվածության հաղորդում է վարում հայկական հեռուստաալիքներից մեկով: Նա 25 տարի եղել է «Սասունցի Դավիթ», «Կոմիտաս» կինոթատրոնների տնօրենը: Մասնագիտությամբ իրավաբան է և ավելի քան 6 տարի էլ քննիչ է աշխատել Շահումյանի ներքին գործերի բաժնի քննչական բաժանմունքում: Գրողի որդին ասում է, որ այնտեղ այնպիսի պայմաններ էին ստեղծված, որ պետք է դառնայիր կամ կաշառակեր, կամ սպիտակ ագռավ ու հեռանայիր համակարգից:
«Եղեռնից հետո սա մեր ազգի վատագույն ժամանակահատվածն են համարելու: 90 թվականից էս կողմ մեր ժողովրդի ողբերգությունն է: 1,5 միլիոն մարդ արդեն գնացել է: Ժողովուրդը վախեցած է, որովհետև հանցագործ ճանապարհով կարող են հարցերը լուծել, ներքին գործերի միջամտությամբ կարող են լուծել: Կոռուպցիա է էստեղ, մի հատ տեր կա էս հանրապետությունում՝ ինքը և իր եղբայրները: Մնացածների ոչ մեկի ձեռքը բան չկա, ուղղակի տեղ են զբաղեցնում. բազկաթոռ, կաբինետ են տվել՝ նստում են»,- ասում է Նաիրի Սահյանը:
Նա այլևս չի դիմելու պետական պաշտոնյաներին և այս պահից ապավինում է ժողովրդին: Կա ժողովրդի մի մաս, որը ցավ կապրի, իր ձայնը կբարձրացնի, ինչ-որ կերպ կազդի իշխանությունների վրա: Բացի դրանից՝ իշխանություններն ի պաշտոնե պարտավոր չեն Համո Սահյանի հուշարձան կամ տուն-թանգարան բացել: Գրողի որդին կուզենար, որ իշխանությունները գոնե ասեին այդ մասին, որ ինքն իմանար իր հետագա քայլերը:
«Վերադառնալո՞ւ եք ԱՄՆ»,- հարցին պատասխանում է. «Մեծ հաճույքով ու էլ երևի չգամ էստեղ»: Բայց քիչ անց նա չի բացառում երկրորդ տարբերակը. մնալ Հայաստանում ու այնքան պայքարել, մինչև այս իշխանությունները կամ գնան, կամ իր նկատմամբ կիրառեն իրենց մեթոդները:
«Կամ ինձ վնաս տան ֆիզիկապես, կամ նստացնեն: Ես դեռ չեմ որոշել: Իմ կարծիքով՝ պայքարն էլ է ճիշտ, գնալն էլ է ճիշտ: Բայց 1,5 միլիոն մարդ գնացել է: Որ բոլորս գնանք, ո՞ւր է հասնելու: Հիմա սրտիս մեջ պայքարի էներգիան բարձրացել է. երևի թե մնալը ճիշտ է: Մի ժամ շուտ էս մարդիկ գնան, մեր օգուտն է, բոլորիս, հայերի օգուտն է, որովհետև մեղք է ժողովուրդը: Ես էս 10 ամսվա ընթացքում մի 20 անգամ տեսել եմ ժողովուրդը՝ հավաքված նախագահի աշխատակազմի մոտ: Ընդունող չկա, հետները խոսող չկա: Հրապարակում տարբեր հարցերով հարյուրավոր մարդիկ՝ արհամարհված, բոլորի կողմից լքված, իրենց իրավունքները չեն կարողանում պաշտպանել, որովհետև դատարանները, դատավորները վաճառված են»,- ասում է Նաիրի Սահյանը:
Նրա խոսքով՝ նույնիսկ եթե մնա Հայաստանում, չի մասնակցի Համո Սահյանի 100-ամյակին նվիրված այն միջոցառումներին, որոնք կկազմակերպեն իշխանությունները:
Մեկնաբանություններ (31)
Մեկնաբանել