
Սպանության գործով ամբաստանյալին պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գեղամ Մարգարյանի, մերժել է սպանության գործով ամբաստանյալ Ռոման Մովսիսյանին պատգամավորների անձնական երաշխավարությամբ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդ Թամարա Բաբայանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Գագիկ Մելքոնյանը և Սերգեյ Բագրատյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի Գառնիի տեղամասի տնօրենն Մելիք Մովսիսյանի որդու՝ Ռոման Մովսիսյանի համար, որ մեղադրվում է ընկերոջը՝ Ռազմիկ Ներսիսյանին սպանելու մեջ: Պատգամավորներից երկուսը՝ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Բագրատյանը, չեն ճանաչում այն անձին, ում պատշաճ վարքագիծն ազատության մեջ երաշխավորել էին, իսկ Գագիկ Մելքոնյանը Մելիք Մովսիսյանի մտերիմներից է: Ռոման Մովսիսյանի խափանման միջոցի հարցը դատավոր ԳԵղամ Մարգարյանը քննել է երեկ, իսկ որոշումը հրապարակվել է այսօր:
Ըստ քրեական գործի՝ «Ոսկե Աքաղաղ» ռեստորանում խաշկերույթից հետո ընկերների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը շարունակվել է նաև Ռոման Մովսիսյանի մեքենայում: Ըստ մեղադրանքի՝ Մովսիսյանը մեքենան կայանել է, որից հետո հարվածել Ռազմիկ Ներսիսյանի գլխին, ինչից հետո Ներսիսյանը տեղափոխվել է հիվանդանոց, ապա, գիտակցության չգալով, մահացել:
Մովսիսյանը մեղադրանքը չի ընդունում, հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն նախաքննության ընթացքում վկայի կարգավիճակով ցուցմունք տալիս հայտնել է, որ Ռոզմիկը բացել է մեքենայի դուռն ու իրեն դուրս նետել:
Մեկնաբանել