
«Հայաստան» հիմնադրամը երկու ծրագիր բացեց Մարտունու շրջանում
Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիսավոր պայմաններում բացեց Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղի նորակառույց դպրոցը:
Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, շրջանի վարչակազմի ներկայացուցիչներ, հյուրեր:
Դպրոցի կառուցումը համաֆինանսավորել են «Վարդանյանների ընտանիք» բարեգործական կազմակերպությունը եւ ԼՂՀ կառավարությունը:
Երկհարկանի դպրոցն ինքնատիպ ճարտարապետական լուծումներով կառույց է, որն իր հարկի տակ կարող է ընդունել ավելի քան 300 աշակերտի: Ներկայումս այստեղ ուսանում է 140 աշակերտ: Նորակառույցն ապահովված է ժամանակակից պայմաններով' ներառյալ գրադարան, հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ճաշարան եւ հինգ լաբորատորիաներ: Կրթօջախն ունի նաեւ խաղահրապարակ եւ ֆուտբոլի դաշտ: Դպրոցի ամբողջական կահավորումն էլ իրականացրել է Բրազիլիայի տեղական մարմինը' բրազիլահայ համայնքի ջանքերով: Տոնական տրամադրությունը դպրոցում կշարունակվի նաեւ վաղը' վերջին զանգի հանդիսությամբ: Դպրոցի փոխտնօրեն Ադելաիդա Օհանջանյանի խոսքով' այս տարվա 26 շրջանավարտներից 20-ը ցանկություն ունեն բարձրագույն կրթություն ստանալ: «Դպրոցը լայն թեւեր տվեց մեզ»,- հավելեց նա:
Հանդիսավոր արարողությունը շարունակվեց նաեւ Մարտունի քաղաքում, որտեղ հոգեւոր հայրերի օրհնությամբ բացվեց քաղաքի խմելու ջրի ցանցը: «Հայաստան» հիմնադրամի պատվո անդամ, «Տաշիր-Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի նվիրաբերած միջոցներով վերակառուցվել է 1971 թվականին կառուցված ջրամատակարարման համակարգի 1-ին գոտին: Կառուցվել են նոր ջրատարներ, ներքին ցանց եւ մաքրման կայան: Արդյունքում' քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդն այսօր ունի կանոնավոր ջրամատակարարում: Աշխատանքների 2-րդ եւ 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում:
«Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի ազգապահպան ձեռնարկումներն արժանի են գերագույն գնահատանքի եւ աստվածային օրհնության»,- իր ելույթում ասաց Մարտունու տարածաշրջանի թեմի առաջնորդ Տ. Սահակ քահանա Շաքարյանը:
Արարողությունը եզրափակվեց շրջկենտրոնի մշակույթի ակումբում կազմակերպված գեղեցիկ համերգային ծրագրով:
« Հայաստան» համահայկական հիմնադրամ
Մեկնաբանել