
Ավետիք Չալաբյանը 15 մլն դրամ գրավով ազատ կարձակվի
Շուրջ մեկ ամիս կալանքի տակ գտնվելուց հետո «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը կրկին ազատ կարձակվի: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, որոշեց բեկանել Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը, որը կայացրել էր դատավոր ՄՆացական Մարտիրոսյանը: Չալաբյանը 15 մլն դրամով ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ Չալաբյանի գործը դատարան, ըստ էության, քննության է ուղարկվել 2022 թվականի հուլիսի 7-ին: Նախնական դատալսումների փուլում դատարանը քննարկել է Չալաբյանի խափանման միջոցի հարցը, և չնայած այն հանգամանքին, որ հանրային մեղադրողը Չալաբյանի նկատմամբ գրավի կիրառումը համարել է թույլատրելի, դատավորը որոշել է նրան երեք ամիս ժամկետով կալանավորել:
Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:
2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 մլն դրամ : Գործով մեղադրանք է առաջադրվել Ավետիք Չալաբյանին և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին:
Չալաբյանը մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ Չալաբյանի նկատմամբ հետապնդում է հարուցվել, քանի որ նա քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հարցում:
Մեկնաբանել