
Գեղարդալճի ոռոգման համակարգի կառուցումը վերջապես, հնարավոր է, ավարտվի
Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումն ու գործարկումը երկար տարիների ձգձգումներից հետո հնարավոր է ավարտվի 2022թ. սեպտեմբերի 30-ին։ Ոռոգման համակարգի կառուցումը, որի վրա միլիոնավոր դոլարներ է ծախսվել և ծախսվում, սկզբում դադարեցվել էր Կոռայքի մարզի Գողթ համայնքի բնակիչների պահանջով։ Երբ բավարարվեց գողթեցիների պահանջը և շինարարությունն սկսվեց, կորոնավիրուսային համավարակը, ապա 2020թ. պատերազմը խոչընդոտ դարձան։
Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգը ներառում է Գողթ գյուղի վերևում գտնվող ջրամբարն իր խողովակաշարերով, որոնցով Գեղարդալճից ջուրը պետք է հասնի և ոռոգի ինչպես Գողթ գյուղի հողերը, այնպես էլ հարևան բնակավայրերի՝ Հացավանի, Գեղադիրի, Ողջաբերդի և Ջրվեժի հողերը (ներառյալ Արգելոցապարկային համալիրը)։
Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանը «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ներկայացրել է ոռոգման համակարգի շինարարության և գործարկման խոչընդոտները։
2020թ․ դեպտեմբերի 24-ին մրցութային կարգով Ջրային կոմիտեի և կապալառու կազմակերպության՝ «Ղարաբաղցյան շին» ՍՊԸ-ի միջև կնքվել է կապալի աշխատանքների իրականացման պայմանագիր։
«Սակայն պայմանագրի կնքումից հետո Հայաստանում ռազմական դրությամբ և համավարակով պայմանավորված առաջացած խնդիրների պատճառով հնարավոր չի եղել կապալառու կազմակերպության կողմից ներկրել նախագծով նախատեսված տեխնիկական բնութագրերով համապատասխան խողովակներ (արտադրվում են այլ երկրներում), որի պատճառով նշված օբյեկտի շինարարական աշխատանքները չեն ավարտվել»,- նշել է Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարը։
2021թ․ դեկտեմբերի 23-ին կառավարության որոշմամբ թույլտարվել է «Ղարաբաղցյան շին» ՍՊԸ-ի հետ կնքված կապալի պայմանագրում փոփոխություններ կատարել և շինարարության ավարտը սահմանել 2022թ․ սեպտեմբերի 30-ը: Պայմանագրի արժեքը կազմում է 115 միլիոն դրամ։ Պայմանագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հիմնական ծախսային մասը վերաբերվում է 1.9 կմ խողովակաշարին, որն արժե 69 միլիոն 300 հազար դրամ։
Ըստ Ջրային կոմիտեի՝ ներկայումս Գեղարդալճի ինքնահոս համակարգի չավարտված մասի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են և դրանք նախատեսվում են ավարտել կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում (սեպտեմբերի 30-ին)։
Կառավարությունը ոռոգման համակարգի կառուցման ավարտի ժամկետի վերաբերյալ փոփոխություն կատարելու որոշումից բացի մեկ այլ որոշում էլ ընդունել է այս տարվա օգոստոսի 11-ին։ Գործադիրն այս ամիս թույլ է տվել Ջրային կոմիտեի և «Ղարաբաղցյան շին» ՍՊԸ-ի միջև կնքված պայամանագրում փոփոխություն կատարել։ Թույլատրվել է «530*5 մմ բնութագրով մետաղական խողովակները փոխարինել 530*6 մմ բնութագրով մետաղական խողովակներով»։
Մեկնաբանել