HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հնարավորությու՞ն, թե՞ ռիսկի մեծացում. կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ԿԲ-ի առաջարկած փոփոխությունները խնդրահարույց են

ԿԲ-ն առաջարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել՝ հուսալով, որ կենսաթոշակային ֆոնդերից տնտեսության իրական հատված հոսող գումարները կաճեն։ Նպատակը՝ քաղաքացիների կուտակած գումարները այնպես տնօրինել, որ ոչ միայն դրանք եկամտաբերություն ապահովեն, այլև՝ ներդրվեն տնտեսության մեջ ու տնտեսական աճին նպաստեն։ Փորձագետները տարակարծիք են այս նախագծի վերաբերյալ, մի մասը նույնքան լավատես չէ, որքան գլխավոր դրամատունը, և էական ռիսկեր է տեսնում առաջարկվող փոփոխություններում։ 

Սակայն մինչ քննարկումները՝ ևս մեկ անգամ հիշենք, թե այսօր ուր են «թափառում» կենսաթոշակային ֆոնդեր հոսող փողերը, և ինչ է առաջարկում փոխել Կենտրոնական բանկը։ 

Պետական պարտատոմսեր, ավանդներ, արտասահմանյան ընկերություններ. տեղական ընկերություններում ու նախագծերում կենսաթոշակային ֆոնդերը ներդրումներ չեն անում 

Աշխատող քաղաքացիներից գանձվող գումարները, որոնք կուտակվում են կենսաթոշակային ֆոնդերում, նույն ֆոնդերի կառավարիչները ներդնում են այս կամ այն ֆինանսական գործիքներում, դրանց դիմաց տոկոսավճարներ ձեռք բերում։ Կառավարիչները պարտավոր են այնպես տնօրինել այդ գումարները, որ երբ քաղաքացին հասնի կենսաթոշակային տարիքին, նա ստանա ոչ միայն իր կուտակած գումարը, այլև՝ այն հավելյալ գումարները, որոնք կառավարիչները ստացել են դրանց տնօրինման արդյունքում։

Այս տարվա հունիսի վերջի դրությամբ, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, կենսաթոշակային ֆոնդերում կուտակված է 490 մլրդ դրամ։ Դրանց առյուծի բաժինը՝ 98%-ը, պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդերում են մնացածը՝ հավասարակշռված և կայուն եկամտային ֆոնդերում։ Ռիսկայնության առումով պահպանողական ֆոնդերը միջին դիրքում են։

Ֆոնդերում կուտակված գումարների շուրջ 70%-ը ներդրվում են Հայաստանում, բայց ոչ թե տնտեսության իրական հատվածում, այս կամ այն ընկերության բաժնետոմսերում, այլ՝ պետական պարտատոմսերում և ավանդներում։ 

Տնտեսության իրական հատվածը արդյունաբերության, ծառայությունների, գյուղատնտեսության և մյուս այն ճյուղերն են, որոնք տալիս են արտադրանք, մատուցում ծառայություններ։ Իսկ ֆինանսական հատվածը դրա կազմում չէ, ինչպես բանկերը, վարկային կազմակերությունները, բորսաները և այլն։ 

Հայաստանում գործող կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարների մոտ 36%-ը ՀՀ պետական պարտատոմսերում են ներդրված, 32%-ը՝ ավանդներում (կրկին հիմնականում Հայաստանում)։ Մնացածը հիմնականում դրսում են ներդրվում, մինչև 25%-ը՝ տարբեր արտասահմանյան ընկերություններում։

  • Նախագծի փոփոխություններից մեկով առաջարկվում է պահպանողական ֆոնդերում մեծացնել բաժնային արժեթղթերում ներդրումների մասնաբաժինը՝ 25%-ից դարձնելով 35%։ Եվ ակնկալվում է, որ եթե այսօր 25%-ը ներդրվում է արտասահմանում և եթե այդ սահմանափակումը դառնա 35%, ի թիվս այլ փոփոխությունների, կհանգեցնի նրան, որ ֆոնդերում կուտակված գումարների մի մասն էլ հայկական տեղական ընկերություններում կներդրվեն։
  • Այդ նպատակով է ներկայացվել նաև մյուս փոփոխության առաջարկը՝ կենսաթոշակային ֆոնդերին հնարավորություն տալ առանց միջնորդ ֆոնդերի ու բորսաների ուղղակիորեն ներդրումներ իրականացնել Հայաստանի տնտեսության իրական հատվածում։
  • Մյուս առաջարկը՝ թույլ տալ ֆոնդերին ներդրումներ կատարել ոչ միայն ՀՀ պետական և ԿԲ-ի կողմից թողարկած պարտատոմսերում, ինչպես այսօրվա օրենքն է սահմանում, այլև՝ համայնքների կողմից ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում։ Այլ խոսքով՝ «պարտք տալ» նաև համայնքներին։ 
  • Առաջարկվում է ևս մեկ փոփոխություն՝ որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար նախատեսվում է ավելի բարձր սահմանաչափ կիրառել՝ 15%-ի փոխարեն 30%։ 
  • Գլխավոր դրամատունը նաև առաջարկում է դադարեցնել կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներին՝ կենաաթոշակ կուտակող քաղաքացիներին, իրենց հաշիվների մասին հաշվետվությունների տրամադրումը թղթային տարբերակով և դրանք ամբողջությամբ  տրամադրել էլեկտրոնային եղանակով։

Մասնագիտական շրջանակներում փորձում են գնահատել՝ արդյոք արժեթղթերում ներդրումները մեծացնելով՝ ավելի շատ ռիկսի տակ չե՞ն հայտնվում քաղաքացիների կուտակած միջոցները, արդյոք Հայաստանի տնտեսության իրական հատվածը ունա՞կ է կլանելու այդ միջոցները և առհասարակ, ի՞նչ ռիսկեր են պարունակում այս փոփոխությունները։

«Ներքին շուկայում կենսաթոշակային ֆոնդերից գումարներ ներդնելը ռիսկեր է պարունակում»

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը մտավախություն ունի, որ  քաղաքացիների կենսաթոշակային գումարները ներքին շուկայում՝ համայնքներում և առանց բորսայի այս կամ այն ընկերությունում կամ նախագծում ուղիղ ներդնելը այս պահին վտանգներ է պարունակում։ 

«Արդյոք համայնքներն ունե՞ն ներքին պարտքի կառավարման բավարար կարողություններ այդ գումարները ճիշտ տնօրինելու և կառավարելու։ Իմ կարծիքով՝ մեր համայնքները, այդ թվում ՝ Երևանը, այսօր պատրաստ չեն դրան։ Անգամ պրոֆեսիոնալ կառավարիչ ֆոնդերն են երբեմն սխալներ գործում և տանուլ տալիս, ուստի չպետք է մոռանանք որ այս գումարներն ապագա կենսաթոշակառուների թոշակային միջոցներն են և դրանց համար անվտանգությունն ու ապահովությունը առաջնային է։ Եթե ցանկություն կա համայնքային միջոցները լրացնել կեսաթոշակային ֆոնդերի փողերով, ապա հարկավոր է նախ համայնքներում ֆինանսների կառավարումը պատշաճ մակարդակի հասցնել»,- «Հետքի» հետ զրույցում նշում է Արամյանը։ 

ԿԲ-ն կարող է հակադարձել, որ ռիսկեր տեսնելով համայնքային ներդրումներում՝ ֆոնդի կառավարիչները ներդրումներ չեն անի այն ոլորտում, որտեղ չկա համապատասխան եկամտաբերություն և կառավարումը խիստ ռիսկային է։ Ըստ Արամյանի՝ դա ընդունելի է բայց, եթե մենք հույսներս դրել ենք այն բանի վրա, որ ակտիվների կառավարիչները այնքան խելացի կգտնվեն, որ ներդրումներ չեն անի համայնքներում, ապա այս փոփոխությունը դառնում է ամբողջությամբ աննպատակ։ Այլ կերպ ասած, եթե չկա համայնքային պարտքի շուկա և փորձ, համայնքներում ֆինանսական կառավարումը խիստ կաղում է, և մեծ հավանականությամբ էլ ակտիվների կառավարիչները ձեռնպահ կմնան այսպիսի ակտիվներում ներդրումներ կատարելուց․ հարց է առաջանում, իմաստը ո՞րն է այս փոփոխության։ 

Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվել է 2014 թվականից, և մինչև այսօր՝ ութ տարի անց, քննարկվում է, որ դրան զուգահեռ Հայաստանում պետք է զարգանա կապիտալի շուկան, որպեսզի այդ գումարները հնարավորինս անվտանգ ներդրվեն տեղական տնտեսության իրական հատվածում։ Սակայն փաստ է, որ այսօր կապիտալի շուկան Հայաստանում ցածր մակարդակում է։ Այդ մասին է վկայում այն, որ Հայաստանի ֆոնդային բորսայում այսօր ցուցակված և բաժնետոմսեր թողարկող ընկերությունների քանակը խիստ սահմանափակ է՝ 4-5, այն էլ թողարկումները թարմացվում են բավականին ուշ, և դրանց նկատմամբ հետաքրքրությունը փոքր է։ 

Կենտրոնական բանկն առաջարկում է թույլ տալ կենսաթոշակային ֆոնդերին ներդրումներ անել այն ընկերություններում, որոնք կարող են ցուցակված չլինել բորսայում։ 

Վարդան Արամյանը նկատում է, որ սա ևս կարող է ռիսկային լինել, թեև ԿԲ-ն ամեն դեպքում հնարավորություն է թողել սահմանելու լրացուցիչ պահանջներ այդպիսի ներդրումների համար։ Սակայն անհամեմատելի է, երբ մի դեպքում ընկերությունները լինեն կապիտալի շուկայում՝ բորսայում, համընդհանուր խիստ հսկողության, ֆինանսական կարգապահության, թափանցիկության, հաշվետվողականության կանոնների ներքո և մյուս դեպքում նախագիծ առ նախագիծ չափանիշներ կամ պահանջներ սահմանվեն։

«Կապիտալի շուկայում հայտնվող ընկերությունները հանրության և իրենց բաժնետերերի ճնշման ներքո ավելի հետևողական են լինում իրենց եկամուտներին, կառավարման, ֆինանսական կարգապահության և այլ հարցերի նկատմամբ, շատ ավելի մեծ ջանք են գործադրում դրանք առավելագույնս պահպանելու, սա ընդունված կանոն է ամբողջ աշխարհում։ Իսկ այս դեպքում կարո՞ղ է անձը կասկածել, որ կառավարության ճնշման ներքո, օրինակ՝ սահմանվեն չափանիշներ որևէ նախագծի համար՝ ապագա կենսաթոշակառուների գումարները դեպի այդ նախագիծ ուղղորդելու մտադրությամբ»,- ասում է ֆինանսների նախկին նախարարը։

Ըստ նրա՝ բացի այն, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե տնտեսության որ ոլորտներն են այսօր պատրաստ կլանել կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները, կարևոր է հասկանալ՝ արդյոք դրանց պատշաճ կառավարումը և հետ վերադարձելիությունը կերաշխավորվի՞ պատշաճ հսկողական համակարգեր և չափանիշներ սահմանելու միջոցով։  

«Սա ապագա կենսաթոշակառուի փող է։ Իրավունք չունենք տանել և ներդնել մի տեղ, որտեղ ռիսկը մեծ է, կառավարումը՝ թույլ։ Դա անթույլատրելի է։ Հուսալի համակարգ է պետք։ Եթե ներքին շուկայում թուլացնում ենք սահմանափակումները, ապա պետք է հիմնավորենք, որ կարողանալու ենք անվտանգ կառավարել այդ գումարները»,- նշում է Վարդան Արամյանը՝ շեշտելով, որ նախ պետք է կապիտալի շուկան զարգացնել, երաշխավորել, որ այս կամ այն ընկերությունը կարող է արդյունավետ կառավարել այդ փողերը, հետո միայն դրանցում ներդնել ապագա կենսաթոշակառուների փողերը։ 

Ինչ վերաբերում է որոշ օտարերկրյա պետություններում ներդրումների համար նախատեսված 15% սահմանաչափը 30% դարձնելուն, ապա՝ Արամյանը այստեղ էական ռիսկեր չի տեսնում. «Դրսի շուկաներում ներդրումներին կարելի է որոշակի ճկունություն տալ»։ 

Մյուս փոփոխությունը, որն առաջարկում է ԿԲ-ն, կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներին հաշվետվությունները միայն էլեկտրոնային եղանակով հանձնելը, Արամյանը տրամաբանական է համարում, քանի որ այսօր էլեկտրոնային գործարքների մշակույթը տարածված է, և թղթային տարբերակը կարելի է բացառել։

«Կընտրվեն այն ոլորտները, որոնք կունենան աճի պոտենցիալ»

Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը ենթադրում է, որ այս նախագիծը մշակելիս Կենտրոնական բանկը քննարկումներ է անցակցրել կենսաթոշակային ֆոնդերի ներկայացուցիչների հետ և տնտեսությունում կան ծրագրեր, որտեղ կարելի է ներդրումներ անել։

«Կենսաթոշակային ֆոնդերը երկարաժամկետ ռեսուրսներ ապահովող են։ Կենսաթոշակային համակարգի ներդրման գլխավոր գաղափարներից մեկն էլ այն էր, որ այդ գումարները ներդրվեն տնտեսության մեջ։ Բայց մյուս կողմից էլ պետք է հասկանանք դրա ռիսկերը։ Արժեթղթերի շուկան եթե անկում ապրի, ապա այդ ներդրումների վրա ևս դա ռիսկային ազդեցություն կունենա»,- նշում է տնտեսագետը։

Էդգար Աղաբեկյանը նկատում է, որ եթե այսօր տնտեսության իրական հատվածը ֆինանսավորվում է հիմնականում բանկային վարկերի միջոցով, ապա այս փոփոխություններից հետո, հնարավոր է, կենսաթոշակային ֆոնդերից եկող գումարներն ավելի ձեռնտու լինեն, ավելի արդյունավետ ռեսուրսներ լինեն։

«Այս պահին Հայաստանի ֆոնդային բորսայում պահանջարկ կամ այնպիսի ներդրումային գործիքներ, որոնք գրավիչ են, չկան։ Մի քանի բաժնետոմսեր են, որոնք ցածր շահութաբերություն ունեն, և բանկային ավանադները, դրանց համեմատ, ավելի բարձր տոկոսադրույքներով են։ Սակայն նախագծով առաջարկվում է առանց միջնորդ բորսաների ներդրումներ անել տնտեսության իրական հատվածում՝ մասնավոր ընկերություններում։ Այս հարցը լուծվում է՝ բորսայից դուրս իրենք կկարողանան ռեսուրսներ գտնել»,- նշում է տնտեսագետը։ 

Ըստ նրա՝ կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների համար հիմնականում կընտրվեն այն ոլորտները, որոնք կունենան աճի պոտենցիալ, այն ընկերությունները, որոնք ռեսուրսներ ներգրավելու կարիք կունենան, օրինակ՝ մշակող արդյունաբերության ընկերությունները։

«Շարքային քաղաքացիների կուտակած գումարներով ֆոնդի կառավարիչը կարող է հայաստանյան մասնավոր ընկերությունների բաժնետոմսեր կամ պարտատոմսեր ձեռք բերել, որոնք չունեն որևէ երաշխիք»

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ այս նախագծով կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը։ Օրենքի նախագծով՝ նախատեսվում է պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի դեպքում մեծացնել բաժնային արժեթղթերում ներդրումների մասնաբաժինը, այսինքն՝ ըստ նրա՝ ավելի ռիսկային կդառնան պահպանողական ֆոնդերը, քանի որ ի տարբերություն ավանդների և պարտատոմսերի՝ բաժնետոմսերի ռիսկայնությունը անհամեմատ բարձր է։

2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ներքին և արտաքին գործոններով պայմանվորված՝ կուտակային ակիտվների արժեքը նվազել է 9-10%-ով։ «Փաստացի, այս օրենքի նախագծով՝ Կենտրոնական բանկը նախատեսում է էլ ավելի բարձրացնել ֆոնդերի կառավարիչների ներդրումներ կատարելու ռիսկայնությունը»,- ասում է տնտեսագետը։ 

Առաջարկվող փոփոխություններից մեկով ԿԲ-ի կողմից հնարավորություն է տրվում կենսաթոշակային ֆոնդերին ուղղակիորեն ներդրումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում տարբեր ֆինանսական գործիքների միջոցով։ Սրանով, ըստ Սուրեն Պարսյանի, շարքային քաղաքացիների կուտակած գումարներով ֆոնդի կառավարիչը կարող է հայաստանյան մասնավոր ընկերությունների բաժնետոմսեր կամ պարտատոմսեր ձեռք բերել, որոնք չունեն որևէ երաշխիք։

Օրենքի նախագծի համաձայն՝ արտասահմանյան որոշ պետություններում ներդրումների համար նախատեսվում է ավելի բարձր սահմանաչափ՝ 15 տոկոսի փոխարեն 30 տոկոս սահմանել։ Այսինքն՝ ֆոնդի կառավարիչը քաղաքացիների կուտակած գումարի 30 տոկոսը, ԿԲ-ի թույլտվությամբ, կարող է ներդնել մեկ արտասահմանյան երկրում։

«Հայաստանում գործող երկու ֆոնդերի կառավարիչները հանդիսանում են ֆրանսիական և գերմանական կորպորացիաների դուստր ընկերություններ, հետևաբար, ստացվում է, որ նրանք կարող են հայատանցիների կուտակած գումարները ներդնել իրենց երկրներում և նպաստել իրենց երկրների զարգացմանը»,- հիշեցնում է տնտեսագետը։

2022 թվականի երկրորդ եռամսյակում կենսաթոշակային ֆոնդերը բացասական եկամտաբերություն են գրանցել, որի արդյունքում քաղաքացիների կենսաթոշակային հաշիվները նվազել են։ Սա ևս մեկ առիթ էր՝ քննարկելու, թե որքանով են կենսաթոշակային ֆոնդերը արդյունավետ կառավարվում։ 

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարում է ոչ թե պետությունը, այլ լիցենզավորված երկու կազմակերպություն: Դրանք են ֆրանսիական «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն և ավստրա-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter