
Արարատյան դաշտում աղակալած հողերը վերածվում են անապատի
Ռաֆիկ Գևորգյանն Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում 5000քմ հողատարածք ունի, որից 3000-ն աղակալած է, և մշակության համար պիտանի չէ: Ռաֆիկը միակը չէ, ով չգիտի, թե ինչ անի իրեն բաժին հասած աղակալած հողատարածքով:
Արմավիրի և Արարատի մարզերում ընդհանուր 4126 հա աղակալած հող կա: Գյուղացիները հույս չունեն, որ Կառավարությունում ծրագիր կիրականացնեն և կաղազերծեն հողատարածքները, սակայն ակնկալում են, որ իրենց արտոնություն տրամադրեն, սեփական ուժերով հողերը մշակովի կդարձնեն:
Աղակալած հողատարածքները գյուղացիները «ժառանգություն» են ստացել խորհրդային տարիներից: Սակայն, այն ժամանակ պետությունը ծրագրեր էր իրականացնում և պարբերաբար լվանում էին հողի աղակալած շերտը՝ դարձնելով մշակության համար պիտանի: Այժմ այդ ուղղությամբ որևէ պետական միջոցառում չի իրականացվում:
Ռաֆիկ Գևորգյանը 1995թ.-ից մինչ օրս չի կարողանում իրեն բաժին հասած աղակալած հողը մշակել: Ասում է՝ Կառավարությունը պետք է միջամտի, քանի որ աղազերծելը լուրջ ծախսեր է պահանջում: Համեմատության համար նշում էր, որ իր մշակության համար պիտանի 2000 քմ հողատարաքում էլ կան աղակալած հատվածներ և մինչ օրս չի կարողանում աղազերծել:
Գյուղացիների մի մասը, այդ թվում՝ Ռաֆիկ Գևորգյանը, փորձում է գոմաղբի օգնությամբ հողի վերին շերտը հարստացնել, որ գոնե խոտ աճի, կարողանան անասուններին կերակրել, սակայն քչերին է հաջողվում գոմաղբ գնել և հողին նոր շերտ ավելացնել: Գոմաղբ տալուց հետո նաև առատ ոռոգում է պետք, ինչը գյուղացիներն ի վիճակի չեն անել:
Զարթոնքում ապրողները հողի պակաս ունեն: Սեփականաշնորհման տարիներին փոքր հողակտորներով է հողը հատկացվել գյուղացիներին: Այդ փոքր հողակտորների մի մասն էլ աղակալված լինելու պատճառով անմշակ է մնում, և գյուղացիները չգիտեն՝ ինչով զբաղվեն:
«Ծախսը շատ է, ջուրը միշտ պետք է հողի վրա պահես, լճի նման սարքես, որ աղերը մաքրվեն, իսկ մենք այսօր դրա հնարավորությունը չունենք: Ոռոգման ջրի խնդիր ունենք: Եթե ջուր տան, մի քիչ էլ Կառավարությունն աջակցի ժողովրդին, ասի՝ ժողովուրդ ջան, հողի հարկը տվեք, բայց ջրի վարձը մի տվեք, այդ հողերը աղազերծեք, քիչ-քիչ պիտանի կդարձնենք: Այսօր ջրի փող եմ տալիս պետությանը, ջուրն էլ չի հասնում, չեմ կարողանում նպատակին օգտագործել, այդ գումարին գոմաղբ կառնեի հողի մեջ կլցնեի, ուշքի կբերեի մի քիչ: Այսօր էլ ժողովրդի վիճակը ծանր է, Կառավարությունը պիտի միջամտի»,-ասում է Ռաֆիկ Գևորգյանը:
Արմավիրի մարզում 2626 հա աղակալած հող կա, 1500 հա էլ Արարատի մարզում է: Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանից խնդրել էինք ըստ համայնքների տրամադրել աղակալած հողերի վերաբերյալ տեղեկատվություն: Տրամադրվել է ընդհանուր տեղեկություն: Մարզպետը «Հետք»-ին հայտնել է, որ Մասիս խոշորացված համայնքի վարչական տարածքում աղակալած հողերն օգտագործում են հիմնականում որպես ձկնաբուծարաններ: Իսկ Շահումյանի աղակալված հողերում 55 հա ժամանակակից ջերմոց է կառուցվել: Թույլ աղակալված հողերն օգտագործվում են որպես արոտավայրեր:
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի վարչական ղեկավար Սամվել Աղաջանյանն ասում է, որ միայն իրենց գյուղի տարածքում 180 հա աղակալած հող կա, որից 120 հա-ը՝ սեփականաշնորհված են, իսկ 60 հա-ը համայնքային հողեր են:
«Հողերի մի փոքր մասում մարդիկ խորը՝ մոտ մեկ մետր վար են անում, գոմաղբ են լցնում, փորձում են այդպես հողը մշակելի դարձնել, իսկ մնացածը մնում է ամայի: Մշակելի դարձնելու առաջին պայմանը ծծմբական թթուն է: Եթե կարողանան Ռուսաստանից ծծմբական թթու բերեն, հողերը կկարողանանք մշակելի դարձնել: Հակառակ դեպքում խորը վար պիտի անենք, ջուրը բարձր ծածկույթով լցնենք հողերի մեջ, որ աղերը մաքրվեն»,- ասում է Ս. Աղաջանյանը՝ հավելելով, որ աղակալած հողերի հատվածում ոռոգման ջրով մարդկանց չեն կարողանում ապահովել, ինչն էլ գրեթե անհնար է դարձնում այդ հողերի մշակելի դարձնելը:
Գյուղի վարչական ղեկավարը հիշում է, որ 1990-ականների վերջին, վագոններով մի քանի տոննա Նաիրիտից նյութ են բերել լցրել հողերի մեջ՝ հույս ունենալով, որ այն կփոխարինի ծծմբական թթվին, և հողերը կմաքրվեն աղերից, սակայն ապարդյուն:
Վարչական ղեկավարը ևս կարծում է, որ առանց պետության միջամտության հնարավոր չէ այդ հողերը աղազերծել:
«Եթե այդ տարածքներում ջուր լիներ, հավատացեք, որ մեր ժողովուրդն այդ հողերն արդեն կմշակեր, կմաքրեր աղերից, բայց ջուր չկա»,- հավելում է Սամվել Աղաջանյանը:
Արմավիրի մարզպետարանի «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն, միայն 2021թ․ 4360 հա վարելահող չի մշակվել ոռոգման ջրի անհասանելիության կամ անբավարար մատակարարման պատճառով:
Մեկնաբանել